«Օմբուդսմենն ընդդեմ կառավարության» սահմանադրական վեճը հետաձգվեց

Այսօր Սահմանադրական դատարանը սկսեց քննել Մարդու իրավունքների պաշտպանի հայցը՝
պարզելու կառավարության 2002-ի օգոստոսի որոշման եւ օրենքների համապատասխանությունը
Սահմանադրությանը:

Մի քանի ժամ քննարկելուց հետո Սահմանադրական դատարանը մոտ երկու շաբաթով հետաձգեց
նիստը, որպեսզի այդ ժամանակահատվածում ստանա կառավարության ներկայացուցչի խոստացած
փաստաթղթերը եւ գործին ներգրաված փորձագետների եզրակացությունները: Սպասվելիք
պարզաբանումները եւ այսօր իսկ ընթացած դատական վեճը մեկ հասկացության շուրջ էին.
«գերակա հանրային շահեր»:

Սահմանադրությունում ամրագրված է. «Սեփականության օտարումը հասարակության եւ
պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի
դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պնդում է, որ սահմանադրական այս
նորմին են հակասում Քաղաքացիական, Հողային օրենսգրքերի համապատասխան դրույթները եւ
կառավարության 2002-ի օգոստոսի որոշումը՝ Երեւանի Կենտրոն համայնքում 34 հազար 500
քառ. մետր կառուցապատման մասին:

Արմեն Հարությունյանի խոսքերով. «Կառավարության վիճարկվող որոշումները առհասարակ
պատկերացում չեն տալիս, թե ինչ պետական կարիքների մասին է խոսքը, եւ որեւէ
հիմնավորում չեն պարունակում, թե ինչ պատճառական կապ գոյություն ունի պետական
կարիքների եւ վերցվող հողամասի վրա մի շարք առեւտրային կազմակերպությունների կողմից
իրականացվող առեւտրային գործունեության միջեւ»:

Պատասխանող երկու կողմերը տարբեր մարտավարություն էին որդեգրել: Հանրապետության
նախագահին ներկայացնող, նրա օգնական Գեւորգ Մհերյանը՝ թվարկելով վեճի առարկա
իրավական ակտերը, փորձում էր հիմնավորել դրանց համապատասխանությունը
Սահմանադրությանը: Մինչդեռ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյանը Սահմանադրության հետ անհամապատասխանություն տեսնում է այլ
տեղում, եւ ոչ այնտեղ, ինչ հիմքերով հայց է ձեւակերպել Արմեն Հարությունյանը: Նա
պնդեց, որ կառավարությունը գույքն օտարելու լիազորություն ունեցել է եւ ունի,
խոստացավ դատարանին ներկայացնել կառավարության չհրապարակված այն արձանագրային
որոշումները, որոնցում արտացոլված են հանրային գերակա շահերի հիմքերը, իսկ «գերակա
հանրային շահ» հասկացությունն օրենքով կոնկրետացնելն անհնար եւ անգամ վտանգավոր
համարեց:

Սահմանադրական դատարանի շենքի առջեւ այսօր հավաքված մի քանի տասնյակ նախկին կամ
ներկա կենտրոնաբնակների մեծ մասն այսօրվա նիստի սկզբից մինչեւ վերջ հետեւեց
դատավարությանը: Եվ երբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի
բնորոշմամբ, «երկու հայտնի իրավաբաններ Արմեն Հարությունյանն ու Դավիթ
Հարությունյանը» անգամ միմյանց հարցերին հեգնանքով էին պատասխանում, համակրանքը
օմբուդսմենի կողմն էր:

Բուզանդի փողոցի նախկին բնակչուհի Նունե Վարդունու խոսքերով, այս դատավարությունն
իրենց բարոյական հաղթանակ է տալու, բայց, նրա կարծիքով, փոհատուցման հարցերը չեն
լուծվելու. «Արդեն բնակարան չունենք, արդեն փողոցում ենք, Սահմանադրական դատարանի
վճռից հետո մեր ակցիան շարունակելու ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի
առաջ, հիմա ժամանակավոր հացադուլը դադարեցրել ենք»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն «Ազատություն» ռադիոկայանին
ասաց, որ դատարանում է որպես երկրի քաղաքացի եւ «Ընդդեմ իրավական կամայականության»
կազմակերպության ղեկավար: Նրա ներկայացրած հայցը նոր պաշտպանը վերաձեւակերպել է. «Ես կարծում էի, որ ճիշտ է ենթաօրենսդրական ակտից սկսելը. տեսնենք՝ ինչ կլինի,-
ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք օգնելո՞ւ է նոր օմբուդսմենին՝ պատասխանեց,- Ոչ,
չունեմ այդպիսի հրավերք, բայց օգնելու եմ հոգեպես»:

Ռուզան Խաչատրյան, Երեւան