Փաստաբան Վահե Գրիգորյանը ազատ է արձակվել

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով պաշտպանում է Բուզանդի փողոցից վտարված բնակիչների
շահերը եւկալանավորվել էր խարդախության մեղադրանքով, երեկվանից տանն է. փետրվարի
15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի
որոշումը, եւ 4 ամսվա ազատազրկումից հետո երեկոյան ընկերները դիմավորեցին Վահեին
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ:

Այսօր Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ որոշումն իր համար
էլ անակնկալ էր, բայց հուսով է, որ դատարանն այս անգամ զուտ արդարդատության
սկզբունքներով է առաջնորդվել:

Կալանքը որպես խափանման միջոց այլեւս չի գործում, սակայն լուրերը, թե այն
փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորգարությամբ Վահե Գրիգորյանը հերքեց: «Ես
ոչինչ չեմ ստորագրել», - ասաց նա:

Երիտասարդ փաստաբանը կալանավորվել էր հոկտեմբերի 7-ին: Նրան մեղադրում են
խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեջ, այնինչ վերջերս տեղի ունեցած կլոր
սեղանին փաստաբաններն ու մի խումբ հասարակական կազմակերպություններ իրենց
հայտարարության մեջ նրան ճանաչել են քաղբանտարկյալ:

«Պետք է շարունակենք նույն ձեւով ու պաշտպանենք մարդկանց ոտնահարված իրավունքները»,
- ասաց Գրիգորյանը: Բուզանդցիների շահերի պաշտպանությանը զուգահեռ փաստաբանը դեռ
պիտի ինքն իրեն պաշտպանի. նրա դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը
շարունակվում է:

Լուսինե Գրիգորյան