ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն Սահմանադրական բարեփոխման վերաբերյալ
Ստրասբուրգ, 31.01.2006թ.
Վերանայված սահմանադրությունը, որը 2003թ.–ին տապալվել էր քվորումի
բացակայության պատճառով, ընդունվեց 2005թ.–ի նոյեմբերի 27-ի հանրաքվեի արդյունքում։
Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ կատարված փոփոխությունները վերջապես
Հայաստանին թույլ կտան առաջընթաց արձանագրել Եվրոպայի խորհրդին միանալիս ստանձնած
պարտավորությունների կատարման գործընթացում։
Մոնիտորինգի հանձնաժողովը, այնուամենայնիվ, նկատում է, որ Հայաստանը չօգտագործեց
հանրաքվեի հնարավորությունը Եվրոպական ընտանիքի հիմնական արժեքներին և Եվրոպայի
խորհրդի չափանիշներին լիովին համապատասխան ընտրական գործընթաց կազմակերպելու համար։
Իհարկե, հանրաքվեի դրական արդյունքը ողջունելի է։ Բայց նպատակը չի արդարացնում
միջոցները։ Իրո՞ք անհրաժեշտ էր լցոնել քվեատուփերը և արհեստականորեն ուռճացնել
քվեարկողների թիվը բարեփոխումն անցկացնելու համար։ Խորհրդարանական վեհաժողովի
ժամանակավոր կոմիտեի եզրահանգումները, որոնք դժբախտաբար դիտարկել են ոչ մեծ թվով
ընտրական տեղամասեր, և լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների կողմից
պատրաստված շատ այլ զեկույցներ կարող են միայն կասկածի տակ դնել պաշտոնական
տվյալների արժանահավատությունը։
Մոնիտորինգի հանձնաժողովը նաև ափսոսանք է հայտնում, որ երկրի ապագայի համար այսպիսի
կարևորություն ունեցող բարեփոխման վերաբերյալ քաղաքական բանավեճերը պատշաճ
մակարդակի չէին. քաղաքական խմբերի միջև երկխոսության բացակայությունը, քաղաքացիների
իրազեկման իրական քարոզարշավի ուշացած կազմակերպումը և հանրաքվեն բոյկոտելու կամ
դեմ քվեարկելու ընդդիմության կոչը զրկեցին երկիրը խաղաղ և կառուցողական
երկխոսությունից։
Հավասարապես ափսոսանքի է արժանի ընդդիմության՝ իր անդամների մեծ մասին ընտրական
հանձնաժողովներից հետ կանչելու դիրքորոշումը, ինչով իսկ ինքն իրեն զրկեց կեղծիքների
և չարաշահումների վերաբերյալ իր բողոքները դատարանում ներկայացնելու
հնարավորությունից։
Նմանապես, Գլխավոր դատախազի՝ կեղծիքների կոնկրետ դեպքերի հետաքննումից հրաժարվելը,
օրինակ՝ քվեատուփերի լցոնումը և ընտրողների ցուցակների կեղծումը, թեև դրանք
հրապարակայնորեն դատապարտվել էին Հայաստանի Ազգայի ժողովի Նախագահի կողմից, կարող է
միայն կասկածի տակ դնել իշխանությունների վճռականությունը խթանել իրավունքի
գերակայության վրա հիմնված ժողովրդավարությունը։ Այս համատեքստում, մեկ անգամից
ավելի քվեարկելու համար պատասխանատվության ենթարկված մի քանի քվերակողները
ներկայանում են սոսկ որպես քավության նոխազ՝ իշխանություններին հնարավորություն
տալով խուսափել իրենց քաղաքական պարտականություններից։
Մոնիտորինգի հանձնաժողովի տեսանկյունից նոր սահմանադրական դրույթների իրականացումը
Հայաստանի կողմից կլինի երկիրը Եվրոպական արժեքներին իրապես մոտեցնելու քաղաքական
վճռականության կարևոր փորձություն։ Սա ոչ միայն մինչ այժմ բարեփոխումները
խոչընդոտող սահմանադրության պատճառով օրենսդրական բարեփոխումների ընդունման խնդիր
է, այլ նաև ամենից առաջ այնպիսի քաղաքական մթնոլորտի ստեղծման հարց, որը կապահովի
2007թ.–ի խարհրդարանական և 2008թ.–ի նախագահական ընտրությունների
համապատասխանությունը Եվրոպական չափանիշներին։
Սա կներառի երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը՝ ի տարբերություն
Նախագահի լայն իշխանության, դատական համակարգի անկախության խթանումը, էլեկտրոնային
լրատվամիջոցների ազատ և բազմակարծ գործունեությունը և հավաքների փաստացի
ազատությունը, եթե նշելու լինենք միայն ամենահրատապ գերակայությունները։ Այս
կապակցությամբ ներկայումս մինչ խորհրդարանի կողմից իրավահաջորդի ընտրությունը
անցումային փուլում գտնվող Օմբուդսմենի գրասենյակի գործունեության շուրջ առկա
վեճերը լավ կանխատեսումների տեղիք չեն տալիս։
Մոնիտորինգի հանձնաժողովը այժմ ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները
կներկայացնեն բարեփոխումների մանրամասն ժամանակացույց, որին Հայաստանը պետք է հետևի
Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
Մոնիտորինգի հանձնաժողովը կշարունակի աշխատել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև
արդյունավետ համագործակցության համար բոլոր այն ոլորտներում որտեղ
Կազմակերպությունը կարող է տրամադրել քաղաքական աջակցություն և տեխնիկական
օգնություն։ Բայց այն նաև կկրկնապատկի իր զգոնությունը գալիք տարիներին, որպեսզի
ապահովի ապագա բարեփոխումների լիովին համապատասխանությույնը Եվրոպայի խորհրդի
չափանիշներին և պահանջներին։
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողով
Ոչ պաշտոնական թարգմանություն
Պաշտոնական օրինակը՝ անգլերեն
