ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ երիտասարդները փոփոխություններ չեն ակնկալում Հայաստանի Եվրոմիությանն անդամակցությունից
Ազգային եւ եվրոպական ինքնությունների նմանություններն ու տարբերություններն են ներկայացված Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում հունվարի 31-ին բացված «Եվրոմիությունը եւ ես» ֆոտոցուցահնդեսում: Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի եւ Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության նախաձեռնությամբ նույնանուն ծրագրի շրջանակներում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի 10 մարզերից եւ Երեւանից ընտրված 200 երիտասարդների կարծիքների եւ նրանց լուսանկարների միջոցով ցույց տալ ազգային եւ եվրոպական մտածելակերպերի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոնի Կանտորի խոսքերով, եռամյա այս ծրագիրը միտված է Հարավ-Արեւելյան 10 երկրների եւ Միացյալ Թագավորության երիտասարդության միջեւ տարբեր, մասնավորապես Եվրոմիությանը անդամակցելու, հարցերում, փոխընկալման հաստատմանը: Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված երիտասարդները «Եվրոմիությունը եւ ես» ծրագրի շրջանակներում մասնակցել են տարբեր միջոցառումների եւ քննարկումների, որոնց ընթացքում արտահայտել են իրենց տեսակետը Հայաստանի Եվրոմիության անդամ դառնալու դեպքում իրենց կյանքում ակնկալվող հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:
Ըստ լուսանկարիչ Հայկ Բիանջյանի, Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների կարծիքով, Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը ոչինչ չի փոխելու իրենց կյանքում:
«Եվրոմիությունը եւ ես» ծրագրում ընդգրկված են երիտասարդներ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Կիպրոսից, Հունաստանից, Մակեդոնիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Միացյալ Թագավորությունից, Սերբիայից եւ Մոնտենեգրոյից: Նրանք վիրտուալ եւ անմիջական կոնֆերանսների միջոցով կճշտեն տարբեր երկրների եւ ժողովուրդների վերաբերմունքը Եվրոմիությանն անդամակցելու հարցում:
