ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուզանդի «վերջին մոհիկանները»
Բուզանդ փողոցի 15 բակի ավերակներում դեռեւս բնակվում են երկու չվտարված ընտանիք: Նրանք դեռ հրաժարվում են ստորագրել «Վիզկոն» ՍՊԸ-ի առաջարկած պայմանագիրը: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մնացած բնակիչները ստորագրել են եւ հանգիստ ապրում են իրենց «նոր» տներում: «Առաջարկում է տուն, առանց սեփականության իրավունքի: Այդ թղթի տակ ստորագրել` նշանակում է քո մահապատժի տակ ստորագրել»,- կարծում է Բուզանդի 19 տան բնակչուհի Սուսաննա Պողոսյանը:
Դեկտեմբերի 26-ին Բուզանդ փողոցում անցյալ տարվա վերջին վտարումն էր. եւս մի քանի ընտանիք բռնի ուժով հեռացան իրենց տներից՝ առանց փոխհամաձայնության եւ գումարի: «Հիմա մի օր էստեղ, մի օր էնտեղ օրեր են անցկացնում խեղճերը: Բայց դեռ պայքարում են արդարության հասնելու համար»,- նախկին հարեւանների մասին պատմում է Սուսաննա Պողոսյանը:
Դեկտեմբերի 26-ի «զոհն» էր դառնալու նաեւ Սուսաննա Պողոսյանի ընտանիքը, եթե չլիներ իր խոսքերով՝ «Բելլա Քոչարյանին ուղղված հեռագիրը»: Սուսաննան պատմում է. «Մեզ էլ էին վտարելու, երբ եկան նախագահի աշխատակազմից եւ կանխեցին վտարումը: Մի քանի օրով հետաձգեցին, մի ամիս էլ ձմեռվանից գլորեցինք: Վարձով ապրելու սարսափն ինձ տանջում է, ինչքա՞ն այդպես ապրեմ: Ի՞նչ իմանամ, ե՞րբ կտան փողս: Սրանք կեղծ կազմակերպություններ են. այսօր իմ տանն եմ, չեն տալիս, իսկ վաղը, որ դրսում լինեմ` կտա՞ն»:
Ի դեպ, Սուսաննայի ամուսինը մեր այցելության պահին գնացել էր նախագահի նստավայր` խնդրի վերաբերյալ որեւէ լուծում որոնելու համար: «Ամեն վայրկյան սպասում ենք ԴԱՀԿ-ի աշխատակիցներին»,- ասում է Բուզանդի վերջին բնակչուհին:
