ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ-ն ի գիտություն ընդունեց Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ ի գիտություն ընդունեց ԵԽԽՎ-ի
Բյուրոյի տարեկան զեկույցը, որում ընդգրկված էր նաեւ Հայաստանում նոյեմբերի 27-ին
անցկացված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը:
Քվեարկությունը դիտարկած բրիտանացի պատգամավոր Նայջըլ Էվանսն իր ելույթում ասել է,
թե «ժողովրդավարության առումով Հայաստանը չնայած վերջին տեղերում չէ աշխարհում,
բայց դեռ անելիք ունի»:
Հանրաքվեի հետ կապված ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության փոխնախագահ,
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Հայաստանի
ընդդիմությանը մեղադրել է իր ներկայացուցիչներին հանձնաժողովներից հանելու եւ
հանրաքվեին չմասնակցելու մեջ, ինչի պատճառով հնարավոր չի եղել իրականացնել
քվեարկության գործընթացի ամբողջական վերահսկումը:
«Հայաստանը ժողովրդավարական ճանապարհի ընթացքի մեջ է եւ պետք է անխուսափելիորեն
ժողովրդավարական ընտրություններ անցկացնի 2007 եւ 2008 թվականներին, որովհետեւ
Հայաստանը գտնվում է քաղաքական զարգացման այն փուլում, երբ ազատ եւ արդար
ընտրություններին այլընտրանք չկա», - նշել է Արմեն Ռուստամյանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նորընտիր ներկայացուցիչ Ստեփան Դեմիրճյանը հերթագրվել էր ելույթի համար,
սակայն նրա հերթը այդպես էլ չհասավ: Ելույթը հանձնվել է ԵԽԽՎ-ի քարտուղարությանը:
Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ
