ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրկին Բողոքում Են Դալմայի Այգիների Վարձակալները
Կառավարության շենքի մոտ այսօր Դալմայի այգիների վարձակալները կազմակերպել էին բողոքի հերթական ակցիան: Բողոքի ակցիայի նպատակն իրավունքների վերականգնումն էր իրենց վարձակալած հողատարածքների նկատմամբ: Այդ իրավունքը նրանց վերապահված է եւ քաղաքացիական, եւ հողային օրենսգրքերով:
Դալմայի այգիների վարձակալների պահանջը կառավարությունից, ինչպես իրենք են ասում` «մարդավայել ընդունելությունն է», այլ ոչ նախորդ անգամվա նման` «թեւից բռնեն ու դուրս հանեն», եւ երկու կետից բաղկացած պահանջագրի ընդունումը. այն է` 1000 քառ. մետր հողատարածքի անհատույց սեփականաշնորհում կամ փոխհատուցում կադաստրով նշանակված արժեքով` չորրորդ գոտու մեկ քառ. մետրի համար 7000 դրամ»: Նշենք, որ վարձակալներին առաջարկվել է մեկ քառ. մետրի համար մեկ ԱՄՆ դոլլար. «Տասնհիգ տարի մշակել, խնամել եմ, իսկ այսօր ինձ ասում են` դուրս արի քո տնից, քանի որ այդտեղ ինչ-որ մի օլիգարխ կամ ավելի վատ` թաղի բենզին վաճառող մեկը պետք է տուն կառուցի: Մեզ ճնշում են, որ մենք մեզ աքսորենք սեփական տնից ու երկրից»,- ասում էր վարձակալ Ջեմմա Կիրակոսյանը:
Վարձակալները սպառնում են, որ եթե այս անգամ էլ իրենց պահանջները չիրականացվեն, պատրաստ են ոչ միայն պարբերաբար կազմակերպել նմանատիպ ակցիաներ, այլեւ հարկ եղած դեպքում, ինչպես վարձակալ Համբարձում Խաչատրյանն էր հավաստիացնում. «Բենզին կլցնենք մեզ վրա, կվառենք մեզ, որ աշխարհը տեսնի, թե ինչ անիրավություններ են կատարվում Հայաստանում»: Դալմայի այգիների վարձակալներին, ինչպես ամեն անգամ, միացել էին նաեւ Բուզանդի փողոցի` այժմ արդեն նախկին բնակիչները:
