ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուզանդում պայքարը շարունակվում է
Բուզանդի փողոցում երեք ընտանիք դեռ շարունակում են պայքարել ու բողոքել`
պահանջելով լիարժեք փոխհատուցում օտարվող գույքի դիմաց:Բայց հակառակ բնակիչների
գործադրած բոլոր ջանքերին եւ հետեւողական բողոքներին՝ հերթական տունը` Բուզանդի
15-ը, քանդվում է: Փողոցում այս պահին էլ աշխատում են մեքենաները, որոնք գետնին են
հավասարեցնում դեռ երեկ ապաստան հանդիսացող տունը:
Պողոսյան Սուսաննայի` Բուզանդի 15 հասցեի տան վրա գրված է ՝ չի վաճառվում: Քանդված
տների արանքում կուչ եկած այս սենյակը հազիվ է նկատվում:
Տիկին Սուսաննան ասում է, որ միայն հրաշքով են իրենք փրկվել: Դեկտեմբերի 13-ին եւ
26-ին ԴՀԱԿ-ից եկել են վտարելու, բայց փաստաբանի միջոցով հնարավոր եղել կասեցնել
վտարումը: «Հիմա սառած վիճակ է, սպասում ենք՝ հետո ինչ է լինելու: Հնարավոր է , որ
իրիկունն էլ գան ասեն, դուրս արի:Չգիտենք՝ ուր ենք գնալու, առաջարկում են «նիսյա»
դուրս գալ»,-ասում է բնակչուհին:
Նա ասում է , որ իրեն առաջարկում են կնքել պայմանագիր, ըստ որի` առաջարկվում է 33
հազար դոլար: Բնակչուհու կարծիքով` սա չնչին գումար է, բայց անգամ սա կանխիկ չեն
առաջարկում: Իսկ պայմանագիր կնքել մի կազմակերպության հետ, որը «վստահություն չի
ներշնչում», տիկին Սուսաննան չի պատրաստվում: Հետագա քայլերի մասին դեռ չի խոսում.
պայքարի նախկին ձեւերը, անգամ հացադուլը չօգնեց:
Ի տարբերություն Սուսաննայի՝ Աշոտ Պողոսյանի վտարման հրամանն արդեն տրված է: «Դեկտեմբերի
15-ի առավոտյան սկսեցին քանդել: Տասնօրյա հացադուլից հետո ուժասպառ էի եղել եւ երբ
ինձ հրեցին, ուշագնաց եղա, հետո էլ չգիտեմ ՝ ինչ է եղել»,- պատմում է Աշոտ
Պողոսյանի կինը` Անահիտը: Վերջինս եւս պնդում է , որ պայմանագիր կնքելու
մտադրություն չունեն: «Կանչում են բանակցությունների, բայց բան չենք հասկանում
նրանց ասածներից: Խաղեր են: Երեսունհինգ հազար դոլար են առաջարկում, այն էլ` ութ
ամիս հետո: Ի՞նչ իմանամ` կտան, թե չէ»,- տարակուսում է Բուզանդի փողոցի վերջին
բնակչուհիներից մեկը:
