Եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն վճռական քայլեր, նոր Սահմանադրությունը կունենա արատավորված հեղինակություն

Անհերքելի փաստ է, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը, բարի կամք դրսևորելով,
քվեարկել է սահմանադրական բարեփոխումների օգտին: Այդ մասին ասվում է Հայաստանում
սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գծով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի
նախագահ Թոմաս Ջիրսի զեկույցում, որը հունվարի 23-ին կներկայացվի ԵԽԽՎ ձմեռային
նստաշրջանի ընթացքում: Փաստաթղթի համաձայն, խնդիրը ընտրողների ստույգ թվի
բացակայության, ինչպես նաև քվորումի ապահովման մեջ է: Ցավոք սրտի, մոնիտորինգի
սահմանափակ ընդգրկումը թույլ չտվեց ԵԽԽՎ առաքելությանը հանգելու ընդհանուր
եզրակացության: ործնականում անհնար է իրական գնահատական տալ խախտումների չափերին և
այն հարցին, թե ինչպես են դրանք ազդել քվեարկության վերջնական արդյունքների վրա:
Փաստաթղթում նշվում է, այդ խնդիրը 2005 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված
հանրաքվեի ամենահակասական կողմն է: Այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները
չհամաձայնեն ընդունել վճռական քայլեր և անհապաղ հետաքննել արձանագրված խախտումները,
նոր սահմանադրությունը, որը կոչված է ապահովելու Հայաստանի մերձեցումը եվրոպական
արժեքներին և սկզբունքներին, մեկընդմիշտ կունենա կասկածելի հեղինակություն, ինչը
կհանգեցնի վերջինիս նկատմամբ վստահության կորստի: Ոչ մի բարեփոխում չի կարող
համարվել ժողովրդավարական, եթե այն ձեռք է բերվել ոչ ժողովրդավարական մեթոդներով,
նշված է փաստաթղթում:

Սահմանադրական բարեփոխումների գծով առաջարկությունների քննարկման գործընթացում ԵԽԽՎ
ակտիվ մասնակցությունը չի նշանակում, թե կազմակերպությունը պատրաստ է այն ընդունել
ցանկացած գնով: Արձանագրված խախտումները վկայում են Եվրոպայի Խորրդի արժեքների
նկատմամբ ոչ բավարար հարգանքի մասին: Պատվիրակությունն իր ափսոսանք է հայտնում
ընդդիմության վարքագծի առնչությամբ, քանի որ վերջինս բոյկոտելով ընտրական
հանձնաժողովների աշխատանքները, էլ ավելի է բարդացրել քվեարկության թափանցիկության
ապահովման խնդիրը: Զեկույցում ափսոսանք է հայտնվում, որ բողոքներ չեն ստացվել ոչ
ԿԸՀ-ում, և ոչ էլ դատարաններում: Պատվիրակությունը պնդում է, որ խախտումների
փաստերը հետաքննվեն ամենաանկախ և անկողմնակալ ձևով՝ համապատասխան կառավարական
կառույցների և երկրի խորհրդարանի կողմից: Այնուհետև զեկույցում նշվում է, որ
կրիտիկական է «Հայաստանի քաղաքական խավի» պատասխանատվության հարցը: Հայաստանի
իշխանությունները պարտավոր են ապահովել ազատ և արդար քվեարկություն, ինչը չի դիտվել
ԵԽ-ին Հայաստանի անդամակցությույունից ի վեր, նշվում է փաստաթղթում: