Վիկտոր Սողոմոնյան. «Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության որեւէ խնդիր չունենք»

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, 2005 թվականին խոսքի
ազատությունը Հայաստանում «խնդիրներ չի ունեցել»:



«Վստահաբար, ազատ խոսք Հայաստանում կար: Կարծում եմ, որ այդ իմաստով Հայաստանում
արդեն բավական երկար ժամանակ կասկածի տեղ ընդհանրապես չկա», - «Ազատություն»
ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի խոսնակը:



Վիկտոր Սողոմոնյանը նշեց, թե ե'ւ նախկինում՝ որպես Հայաստանի քաղաքականությամբ
հետաքրքրվող քաղաքացի, ե'ւ ներկայումս՝ ի պաշտոնե, ամեն օր ընթերցում է մամուլը եւ
չի տեսել, որ թերթերն իրենց կաշկանդված զգան, մտածեն, թե այս կամ այն նյութը
տպագրելուց հետո կարող են ինչ-որ հետեւանքներ լինել. - «Միանշանակ համոզված եմ, որ
այդ իմաստով խոսելու նոր առիթ չունենք»:



Նախագահի խոսնակը համոզված է, որ, մի կողմից, լրագրողների եւ խմբագիրների
պրոֆեսիոնալ մակարդակը դեռեւս բարձրացման կարիք ունի, մյուս կողմից՝
իշխանություն-լրատվամիջոցներ փոխհարաբերությունները պետք է էլ ավելի զարգանան եւ
հասնեն նոր մակարդակի:



«Այսօր մամուլը փորձում է ինչ-որ բան կորզել՝ հետագայում ինչ-որ նյութ տպագրելու
համար, իսկ մամուլի պատասխանատուները, ցավոք, փորձում են ինչ-որ բան թաքցնել՝
ինչ-որ բան չասելու համար: Իհարկե, խոսքս ոչ բոլորի մասին է», - նշեց Վիկտոր
Սողոմոնյանը եւ ավելացրեց. - «Կարծում եմ, որ այդ երկխոսությունը պետք է ավելի պարզ
լինի, հարցերը պետք է ավելի հաճախ լինեն, պատասխանները՝ ավելի հստակ»:



Ինչ վերաբերում է Հայաստանի հեռուստաընկերությունների ազատությանը, ըստ նախագահի
մամուլի քարտուղարի, ինքը առիթ չունի խոսելու, թե դրանք ազատ չեն: Սողոմոնյանի
խոսքերով, ինքը ծանոթ է խնդրի շուրջ մամուլի հրապարակումներին եւ
եզրակացություններին, սակայն խորապես համոզված է, որ դրանք սուբյեկտիվ կարծիքներ են:




«Ամփոփելով թեման, վստահաբար կարող եմ ասել, որ մենք Հայաստանում մամուլի եւ խոսքի
ազատության որեւէ խնդիր չունենք», - հայտարարեց նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:




Ռուզաննա Ստեփանյան