Բուզանդցիների գործը կմտնի Սահմանադրական Դատարան

Այսօր Բուզանդ փողոցում անդորր էր, ԴԱՀԿ-ի աշխատակիցները չէին եկել, սակայն, ըստ բնակիչների, այդ հանգստությունը խաբուսիկ է:

«Ցանկացած պահի կարող են գալ, երկու տների բնակիչներ դեռ չեն վտարված»,- ասում են նրանք: Բուզանդ փողոցի բնակչուհիներ 56-ամյա Գոհար Մխիթարյանը, 51-ամյա Սուսաննա Պողոսյանը, 33-ամյա Նունե Վարդունին եւ 52-ամյա Անահիտ Մելքոնյանը 6 օր է հացադուլ են անում իրենց տներում:

Մեր այցելության ժամանակ շատ վատ էր զգում Անահիտ Մելքոնյանը, որը չէր կարողանում վեր կենալ անկողնուց: Ըստ տեղամասային պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժնի վարիչի. հացադուլավորների ճնշումը բավականին ընկած է, ունեն ստամոքսային ցավեր:

Երեկ հացադուլավորներին էր այցելել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից Գայանե Հարությունյանը: Գայանե Հարությունյանը ասել է բնակիչներին, որ հացադուլը օգուտ չի տա: «Բացի այդ, նրանց մեջ վիրահատված կին կա, որին չի կարելի հացադուլ անել»,- ասում է նա: Ըստ նրա` Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչների խնդրով հարցով Լարիսա Ալավերդյանը դիմել է Սահմանադրական Դատարան:

Հիշեցնենք, որ հացադուլավորները պահանջում են Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում մարդու իրավունքների վերականգնում եւ լիարժեք փոխհատուցում օտարված գույքի դիմաց: