ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բուզանդցիները հացադուլ են հայտարարել
Բուզանդ փողոցի 4 բնակչուհիներ՝ 56 ամյա Գոհար Մխիթարյանը, 51 ամյա Սուսաննա Պողոսյանը, 33 ամյա Նունե Վարդունին եւ 52 ամյա Անահիտ Մելքոնյանը, հացադուլ են հայտարարել:
«Մեր վերջին քայլն է: Ձմեռով մեզ դուրս են հանում, դառնում ենք բոմժ»,- ասում են նրանք:
Սա բողոքի դրսեւորման մի ձեւ է, բյուզանդցիները պահանջում են արդարացի վերաբերմունք իրենց հանդեպ: Այսօր դիմում-նամակներ են հղել Երեւանի քաղաքապետարան, Կարմիր Խաչի հայաստանյան եւ միջազգային գրասենյակներին, դատախազությանը, Անգլիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի դեսպանատներին եւ Կենտրոն թաղապետարան:
Իսկ առավոտյան Բուզանդի 15 բակում եւս երկու վտարում է եղել: Հարկադրաբար, դուռը կոտրելով ԴԱՀԿ-ի աշխատակիցները ներխուժել են Պողոսյանների 9 անդամանոց ընտանիք: Տան ապրանքները տեղափոխել են Պողոսյանների ազգականների տները, իսկ մի քանի ամսական երեխան ձեռքին Սյուզաննան հայտնվել է դրսում: Նյարդային լարվածությունից ուշաթափվել է տանտիկին Անահիտը եւ լեզուն է կուլ գնացել: Հարեւանների հավաստիացմամբ, նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Վերջիններիս տան դիմաց առաջարկել են 13000 դոլար, որից 10 տոկոսը պետք է պահվի, որպես եկամտահարկ: Իսկ մյուս ընտանիքին վտարել են առանց փոխհատուցման: Ի դեպ, ըստ բուզանդցիների, «Վիզկոն» ՍՊԸ-ն գնել է 5 բակ, որի մեջ մտնում է 60-70 տուն: Այսօրվա դրությամբ այնտեղ մնացել են 5 ընտանիք, մնացած տները քանդված են:
