Տարվա մրցանակը` հայ քաղաքագետին

Վահրամ Սողոմոնյանն արժանացել է DAAD 2005 մրցանակին

Գերմանիայի Մարբուրգի Ֆիլիպս համալսարանի նախագահության որոշմամբ տարվա լավագույն արտասահմանցի ուսանողի DAAD 2005 մրցանակը շնորհվել է քաղաքագիտության դոկտորանտ Վահրամ Սողոմոնյանին: Հայ քաղաքագետը ճանաչված պրոֆեսոր Ֆրանկ Դեփեյի գլխավորած «Եվրաինտեգրացիա» հետազոտական խմբի անդամ է և աշխատում է «Եվրոպական ինտեգրացիան ու հեգեմոնիալ կառույցները Հայավային Կովկասում» թեմայով իր դոկտորական թեզի վրա: Հազար եվրո դոտացիայով DAAD 2005 մրցանակը տրվում ցուցաբերած հատուկ ձեռքբերումների համար ու տրամադրվում է գերմանական հեղինակավոր DAAD ակադեմիական հիմնադրամի կողմից:

Անցած տարիների ընթացքում Գերմանիայում լույս են տեսել Վահրամ Սողոմոնյանի մի շարք հոդվածներ և աշխատություններ Եվրամիության հարավկովկասյան քաղաքականության վերաբերյալ: Հետազոտություններում փորձ է արվում վեր հանել այն սոցիալական ուժերին ու քաղաքական գործընթացները, որոնք ուղղորդում են ձևավորվող եվրոպական նախագիծը մեր տարածաշրջանում: Այս համատեքստում է, որ Եվրամիության «Նոր հարևանության» ծրագիրը նպաստավոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի հատկապես ինտեգրացիոն կողմնորոշում ունեցող ուժերի առջև: Վահրամ Սողոմոնյանի համար հատկապես էական է այն հարցադրումը, թե տրանսնացիոնալ և սփյուռքի կապիտալի ներգրավումն ինչ կերպ է պայմանավորում Եվրոպայի համար Հայաստանի կամուրջի դերի վերականգնման գործընթացը:

Դեկտեմբերի 7-ին Մարբուրգի համալսարանում տեղի է ունեցել մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երեկոյան կազմակերպվեց ընդունելություն, որի ժամանակ Վահրամ Սողոմոնյանը հանդես եկավ ընդարձակ զեկույցով: