Արամի եւ Բյուզանդի փողոցների բնակիչները այսօր հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ

Արամի եւ Բյուզանդի փողոցների բնակիչները այսօր հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ավելի քան 50 հոգի դեսպանատնից պահանջում են հաշիվ տալ, թե Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը որպես ի՞նչ է վերցրել Պուշկինի փողոցի մի քանի շենք` «առանց մեզ հարցնելու»:

«Լուժկովը որ եկել, մեզնից վերցրել ա էդ հողերը, իրենց կառավարությունը, պրեզիդենտը գիտի՞, եւ ինչքանո՞վ ա քառակուսի մետրը գնել»,-պարզաբանում է Հյուսիսային Պողոտայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը: Կոմիտեի ներկայացուցիչ Սեդրակ Բաղդասարյանը պարզել է, որ Պուշկինի փողոցի վրա մոսկովյան Չես-Տոր կազմակերպությունը 6 շենք է սարքում: Նա ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ Չես-Տորը գրանցված է Մոսկվայի Ռուբլեւսկի մայրուղում, որտեղ գտնվում են Յուրի Լուժկովի տիկնոջ` Ելենա Բատուրինայի ֆիրմաները: Բայց ահա թե էլ ինչեր են պարզել պետական կարիքների զոհերը:

Նրանք ներկայացրեցին փաստաթղթեր, որոնցում գրված է, որ Չես-Տորը 81 տոկոս փայաբաժին ունի հայկական ԳՐԻԱՐ կազմակերպությունում, որը պետական ռեգիստրում գրանցվել է 2003-ի նոյեմբերի 21-ին, իսկ արդեն 2004-ի սկզբին Զախարյանի ղեկավարած քաղաքապետարանը նրան տվել է 8 հազար քմ տարածք «իրացնելու համար»:

ԳՐԻԱՐ-ի տնօրենն, ըստ այդ փաստաթղթերի, Աջափնյակի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Արթուր Յորդանյանն է, որը 4,6 տոկոսի փայատեր է իր իսկ ղեկավարած ֆիրմայում:

Սեդրակ Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ նույն ԳՐԻԱՐ-ը 2004-ի սկզբին պետությանը պարտք է մնացել 3 մլն 343 հազար դրամ հարկ: Հարցերի հարցն, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, այն է, թե նորաստեղծ կազմակերպությանը որտեղի՞ց այդքան պարտք եւ պարտքեր ունեցող կազմակերպությանն ինչու՞ է վստահվել 8 հազար քմ «իրացնելու համար»: Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված պետական կարիքների զոհերից մեկը` Արմինե Շատվորյանը տեղեկացրեց, որ «մի քանի կազմակերպությունների դուռն են գնալու»: Արմինեն դեսպանատան դիմաց հայերեն լեզվով մի ցուցանակ էր պահել. «Բյուզանդը չի հանձնվում»: Նրան դեռ չեն վռնդել իր բնակարանից: Նրա ամուսնուն` Ռոբերտին, ԾԻԳ-ն ասել է, որ փող չի տալու, քանի որ 95-ից գրանցման համար տարբեր ատյաններ դիմող Ռոբերտին վերջապես դատարանի օգնությամբ գրանցել են 2003-ի դեկտեմբերին, իսկ ԾԻԳ-ն ասել է` այ եթե փետրվարին գրանցված լինեիր, քեզ փող կտայինք: «Ինձ ասում են` ճաշը ձեր դեմն ա, գդալը` մեր, ում ուզենք կտանք»,-«մխիթարել» են Ռոբերտին: Դեսպանատան դիմաց հավաքվածները նաեւ դեսպանին ուղղված ստորագրահավաքին էին մասնակցում: Սեդրակ Բաղդասարյանն այդ առթիվ հիշեց, որ ԾԻԳ-ից իրենց բնակարաններից դեռեւս չվռնդվածներին ասել են, որ եթե ստորագրահավաքին մասնակցեք, ձեզ խրախուսանքից կզրկենք: «Շանը ոսկոր են ցույց տալիս, հետո ասում են` կզրկե՞նք»-մեկնաբանեց պարոն Բաղդասարյանը:

Ի դեպ, դեսպանատան անվտանգության ծառայությունը «Շանթի» օպերատորին արգելեց միտինգավորներին նկարել դեսպանատան ֆոնին, այն պատճառաբանությամբ, թե շենքը նկարելն արգելվում է: