ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

Հայտնի է դարձել, որ "ԱրմենՏել" ընկերությունը՝ հեռախոսային կապի թանկացման հայտ է
ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Այդ կապակցությամբ հարկ եմ համարում հայտարարել.

Հեռախոսակապի սակագների բարձրացման՝ "ԱրմենՏելի" կողմից արված առաջարկը հիմնավորված
չէ և անընդունելի է:

Առաջարկը հիմնավորված չէ տնտեսագիտական առումով, քանի որ Հայաստանում լարային
հեռախոսակապի որակը չի բարելավվել: Այն հիմնավորված չէ սոցիալական առումով, քանի որ
երկրի բնակչության գրեթե հիսուն տոկոսի կենսամակարդակը մնում է ցածր:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ քաղաքային հեռախոսակապի ոլորտում
մենաշնորհը բաժանորդներին զրկում է հեռախոսակապ տրամադրող ընկերության ընտրության
հնարավորությունից:

Կասկածից վեր է, որ սակագնի բարձրացումն առաջին հերթին կհարվածի բնակչության
ամենաանապահով խավին, ընդ որում բազմաթիվ ընտանիքների համար հեռախոսակապը կարող է
դառնալ անթույլատրելի շռայլություն:

Սակագների բարձրացման հետևանքով հեռախոսակապից օգտվելու էական սահմանափակումը
հարվածի տակ կդնի մարդու՝ ազատ հաղորդակցության իրավունքը: Բացի այդ, սակագնի
բարձրացումը խոչընդոտ կհանդիսանա Հայաստանում գործող հասարակական և այլ
կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների գործունեության համար:

Ես ամբողջովին կիսում եմ ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարի նախնական տեսակետը, այն է՝
անհամաձայնությունը "ԱրմենՏել"-ի առաջարկին:

Համոզված եմ, որ հավատարիմ մնալով Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի
պահանջներին` ՀՀ կառավարությունը կմերժի հեռախոսակապի սակագները բարձրացնելու մասին
"ԱրմենՏելի" հայտը: