ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Մանուկյանը կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն
Ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում կոչ արեց բոյկոտել նոյեմբերին կայանալիք սահմանադրական հանրաքվեն:
"Բոյկոտը ավելի հեշտ է վերահսկել", - փաստարկեց նա:
Նրա խոսքերով, ցածր մասնակցությունը կդժվարեցնի հանրաքվեի արդյունքները կեղծելու՝ իշխանությունների հնարավորություննները:
Մանուկյանի համոզմամբ, այո կամ ոչ ասելով՝ "մասնակցում ենք իշխանությունների թելադրած խաղին":
"Ոչ ասելը կնշանակեր ինչ-որ փաստաթղթի վերաբերյալ կարծիք հայտնել", - պարզաբանեց նա: - "Եվ բավականին դժվար կլիներ հետո վերահսկել, թե գնացած մարդկանցից ով է ասել այո, ով է ասել ոչ: Որովհետեւ մենք գիտենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ ցանկացած փաստաթուղթ իրենք կարողանում էին փոխել":
Իսկ եթե, այդուհանդերձ, կեղծվեն հանրաքվեի արդյունքները, Վազգեն Մանուկյանը առաջարկում է ապստամբություն բարձրացնել: Նրա ձեւակերպմամբ, այս պետությունը հիվանդ է: Եվ հիվանդության աղբյուրը պետք է փնտրել ոչ թե հասարակության, ժողովրդի, այլ իշխանությունների մեջ:
"Մենք ունենք անվերահսկելի, ժողովրդին ոչ հաշվետու, ինքնասիրահարված, վայելող մի իշխանություն, որի համար ժողովրդավարությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, օրինականությունը կեղծ կատեգորիաներ են", - հայտարարեց ԱԺՄ նախագահը՝ ավելացնելով, որ իշխանական ուժերի կողմից առաջարկվող բարեփոխումները միայն իշխանությունը պահելու նպատակ են հետապնդում:
Կարինե Քալանթարյան
