Քաղաքապետը պնդում է, որ Երեւանի կենտրոնի իրացումը կատարվում է "օրենքի պահանջների համաձայն"

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ուրբաթ օրը, ի պատասխան մայրաքաղաքի կենտրոնի իրացման շուրջ հնչող քննադատությանն ու բողոքներին, հայտարարեց, որ այդ աշխատանքները կատարվում են "օրենքի պահանջների համաձայն":

"Ակնհայտ է, որ 997 պայմանագրերում կլինեն նաեւ քաղաքացիներ, որոնք այդ պայմանագրերից դժգոհ կլինեն", - լրագրողներին ասաց Զախարյանը: - "Այսօր կատարվող բոլոր իրացման աշխատանքները իրացման գոտիներում կատարվում են օրենքի պահանջներին համաձայն եւ օրենքի կիրարկումը ապահովող համապատասխան իրավական ակտերով":

Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հույս էր հայտնել, թե քաղաքային իշխանությունները կհրաժարվեն ուժային մեթոդներից եւ որոշ չափով կավելացնեն Բյուզանդի փողոցի բնակիչների փոխհատուցումը: Քաղաքապետը թեեւ ասաց, որ ծանոթ չէ տիկին Ալավերդյանի եզրակացույթուններին, բայց իրացման գոտիներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեղադրանքներին պատասխանեց. - "Դա տիկին Ալավերդյանի կարծիքն է":

Ներկայացնելով մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման անհրաժեշտության փաստարկներ, Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ Հայաստանը ինտեգրվում է եվրոպական կառույցներին՝ ավելացնելով. - "Եվ ունենալով հանրապետության մայրաքաղաքի նման կենտրոն՝ չկառուցապատված, լցված խարխուլ շենքերով... մենք նման ձեւերով չենք կարող անդամագրվել եւ հավասարվել այն բոլոր պետություններին, որոնք այսօր անդամագրված են եվրոպական կառույցներում":

Լարիսա Ալավերդյանը նույնպես երեկ հայտարարել էր, թե ոչինչ չունի Երեւանի կենտրոնի կառուցապատման դեմ. խնդիրը իրացման գոտիներում բնակվող մարդկանց իրավունքներն են: Իսկ դրանք, ի վերջո, հանգում են ֆինանսական խնդրի. մարդկանց առաջարկված փոխհատուցումը բավական չէ համարժեք բնակարան գնելու համար:

Զախարյանը, սակայն, պնդեց, թե փոխհատուցումը համարժեք է՝ ներկայացնելով հետեւյալ օրինակը. - "[Բնակիչը] ունի 44,1 քառակուսի մետր տարածք եւ առաջարկվել է, գնահատումներից հետո (նաեւ խրախուսանքով) 33,336 դոլարին համարժեք դրամ, որը կազմում է 909 դոլար մեկ քառակուսի մետրի համար":

Տարածքի բնակիչները, մինչդեռ, պնդում են, թե իրենց առաջարկվող գումարները շատ ավելի համեստ են: ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը, օրինակ, "Ազատություն" ռադիոկայանին այսօր ասաց, որ 35 քառակուսի մետր մակերեսով բնակարանի դիմաց ինքը ստացել է 23 հազար դոլար:

"Ստիպված եմ եղել ստորագրել պայմանագիրը", - ասաց նա: - "Առանց ինձ տեղեկացնելու դատական նիստ տեղի ունեցավ եւ որոշում կայացվեց վտարել բռնի ուժով իմ սեփական տնից: Եվ որպեսզի այդ բռնությունն իմ նկատմամբ չիրականացվի, ես ստիպված ստորագրել եմ":

Աննա Սաղաբալյան