Ռենե վան դեր Լինդեն. "Սահմանադրական հանրաքվեի ձախողումը բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար"

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ու ընդդիմությանը՝ համաձայնության գալ Սահմանադրության բարեփոխումների խնդրի շուրջ:

"Եթե Հայաստանը ձախողի սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ այո, դա հետեւանքներ կունենա Հայաստանի համար, եւ Հայաստանի նկատմամաբ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումներ ԵԽԽՎ-ում անպայման կլինեն", - իր այցի ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարեց Եվրաոխորհրդի Խորհրդարանական վերաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

"Հայաստանը ինքն է դիմել Եվրախորհրդին՝ անդամության գործընթացում կարողանա այդ ամենը իրականացնելու, որպեսզի դառնա ավելի ժողովրդավարական, կառուցվածքները ավելի համապատասխենցի եվրոպական չափանիշներին", - նշեց նա:

ԵԽԽՎ նախագահը կոչ արեց ընդդիմությունը եւ իշխանություններին՝ շարունակել երկխոսությունը սահմանադրական բարեփոխումների շուրջ, եւ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան դիրքորոշումները ավելի մոտեցնելու համար: Ռենե վան դեր Լինդենը նշեց, թե տպավորության է ստացել, թե "Հայաստանում առայժմ բավարար չափով երկխոսություն չի եղել":

Ռենե վան դեր Լինենը նաեւ իր ափսոսանքը հայտնեց սահմանադրական փոփոխությունների տարբերակին "ոչ" ասելու եւ բովանդակային քննարկումներին չմասնակցելու՝ ընդդիմադիր "Արդարություն" դաշինքի որոշման վերաբերյալ:

"Շատ ցավալի է, եթե դա ընդդիմության վերջնական տեսակետն է, քանի որ ընդդիմությունը զրկվում է իր ասելիքը սահմանադրության մեջ արտացոլելու հնարավորությունից", - նշեց Ռենե վան դեր Լինդենը:

ԵԽԽՎ նախագահը նաեւ հայտարարեց, որ պետք է գտնվեն ու պատժվեն ընտրությունների ժամանակ կեղծումներ կատարած անձինք: "Սա ոչ միայն Հայաստանի Սահմանադրության պահանջն է, այլեւ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների պարտականությունը", - ասաց Ռենե վան դեր Լինդենը:

Արմեն Զաքարյան