Պաշտպանը ներկայացնում է www.ombuds.am ինտերնետային կայքը

Հուլիսի 7-ից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին տեղեկատվությունը կարելի է գտնել [url=http://www.ombuds.am target=_blank]www.ombuds.am[/url] եռալեզու ինտերնետային կայքում:

    [li]Մեր մասին բաժնում տեղակայված է համապարփակ տեղեկատվություն կառույցի նպատակների, խնդիրների և աշխատակազմի մասին:

    [li] Հաճախ տրվող հարցեր բաժնում հարցերի ու պատասխանների միջոցով ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, բողոքելու ձևերը, մատչելի բացատրված է, թե ով, երբ և ինչպես կարող է դիմել Պաշտպանին, ինչ քայլեր կարող է ձեռնարկել Պաշտպանը բողոքի ուսումնասիրության ընթացքում, ինչպիսի որոշումներ է ընդունում եւ այլն:

    [li] Տեղեկատվություն բաժինը մշտապես կթարմացվի, կտեղադրվեն նորություններ Պաշտպանի և կառույցի գործունեության վերաբերյալ, հայտարարություններ, ելույթներ, մարդու իրավունքներին առնչվող հանրամատչելի գրականություն, ինչպես նաև Պաշտպանի տարեկան և հատուկ զեկույցներ և այլ կարևոր նյութեր:

    [li] Օրենսդրություն էջում ներկայացված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող փաստաթղթեր և ռեսուրսներ:

    [li]Հղումներ բաժնում ներկայացված են միջազգային ու տեղական իրավապաշտպան կառույցների ինտերնետային հասցեներ:

    [li] Դիմումատուները հնարավորություն կունենան բողոքները հղել էլեկտրոնային փոստով անմիջապես կայքի եջից, ինչպես նաև հաստատությանն ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Հաճախակի տրվող հարցերի պատասխանները կտեղադրվեն համապատասխան էջում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը խիստ կարևորում են այս կայքի դերը հանրային իրազեկության բարձրացման, մարդու իրավունքների քարոզչության, կառույցի մասին օպերատիվ ու մատչելի տեղեկատվության տարածման հարցում:

Կայքը ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների խթանման և մարդու իրավունքների պաշտպանի կառույցի մասին հանրային իրազեկության բարձրացման ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդեռլանդների համագործակցության զարգացման նախարարի կողմից: Ինտերնետ-կայքը պատրաստել են “TIB” ընկերության մասնագետները: