ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" հայտարարությունը (նախագիծ)

"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը, կարևորելով ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումները, խորապես մտահոգված է ս. թ, մայիսի 19 - ին "Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման և օրենքի նախագիծը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ՄԻԺՀԳ - ի փորձագետների կողմից որպես առաջընթաց գնահատելու կապակցությամբ:
"Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով առաջարկվող որոշ դրույթներ առաջընթաց են գործող օրենսգրքի համեմատ: Չնայած այդ հանգամանքին օրենքն ամբողջությամբ չի կարող դիտվել ընտրական օրենսգրքի իրական բարեփոխում, առավել ևս, որ որոշ կարևոր դրույթներ հետընթաց են ապրել:
Իրական ընտրական բարեփոխումների առանցքային ու վճռորոշ խնդիրներից մեկը հավասարակշված ընտրական հանձնաժողովների ձևավորումն է: Օրենքով նախատեսված հանձնաժողովների ձևավորման կարգը չի ապահովում ընտրական հանձնաժողովների հավասարակշռությունն ու անկողմնակալությունը, իսկ հանձնաժողովներում դատավորներ ընդգրկելու դրույթը ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98 հոդվածին, համաձայն որի "Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն...": Գործադիր իշխանությունից կախվածության մեջ գտնվող դատական իշխանության ներգրավումը ընտրական հանձնաժողովներում չի կարող գնահատվել որպես "դրական քայլ՝ քաղաքական պլյուրալիզմի ավելի մեծ մակարդակի հասնելու համար":
"Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" օրենքը պարունակում է բազմաթիվ այլ դրույթներ, որոնց առկայության պարագայում անհնար է խոսել իսկական ընտրական բարեփոխումների մասին: Խոսքը, մասնավորապես, գնում է հետևյալ դրույթների մասին. [br]
- քվեաթերթիկների վրա հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրելու մասին դրույթի հանելը. [/br]
[br]
- զինվորական մասերում կազմված ընտրական ցուցակների հրապարակման ենթակա չլինելը. [/br][br]
- ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների վերահաշվարկման ժամկետների և եղանակների սահմանափակումը. [/br][br]
- ընտրական բողոքների և առաջարկությունների քննարկման համար ընդհանուր կարգ սահմանելը. [/br][br]
- քվեաթերթիկներ տալիս կտրոնների անջատումը քվեաթերթիկից, որի հետևանքով կտրոնները կորցնում են իրենց վերահսկողական գործառույթը. [/br][br]
- ընտրական հանձնաժողովների անդամներին որակավորման վկայական տալու կարգի սահմանումը, առանց օրենսգրքում սահմանված չափորոշիչների, ԿԸՀ - ին վերապահելը: [/br]
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը կոչ է անում երկրի իշխանություններին վերանայել ընդունված օրենքը և այն ամբողջությամբ համապատասխանացնել ազատ և արդար ընտրությունների միջազգային չափանիշներին:
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը բարձր է գնահատում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ - ի աջակցությունը և երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց կողմից տրամադրված փոձագիտական եզրակացությունները: Այնուամենայնիվ "Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը համաձայն չէ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ-ի փորձագետների կողմից "Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" օրենքի մասին այն գնահատականի հետ, որի համաձայն օրենքով նախատեսված հանձնաժողովների ձևավորման կարգը հանդիսանում է "բարելավում, քանզի այն մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ընտրատարածքայի ընտրական հանձնաժողովների ձևավորման գործում": Զարմանալի է, որ հանձնաժողովների ձևավորման նման Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ - ի փորձագետները, թերևս, կարող էին չնկատել դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու հակասությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սակայն առավել տարակուսելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովի անդամը հաշվի չի առնում Եվրոպայի Խորհրդի և իր` Վենետիկի հանձնաժողովի արտահայտած մտահոգությունները Հայաստանում դատական իշխանության կախյալ վիճակի վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԺՀԳ-ի օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքի նախագիծը չի անդրադառնում օրենքի վերընշված այլ խնդիրներին:
"Գործընկերություն հանուն բաց հասարակության" նախաձեռնությունը կոչ է անում Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԺՀԳ-ին ուշադրություն դարձնել "Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի ներկայացված խնդրներին և համապատասխան գնահատական տալ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց կարծիքում:
