ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ամալյանի Պատասխանները Չեն Հիացրել ԵԽ Մոնիտորինգի Խմբին
“Ա1+”-ի եթերազրկումից երեք տարի հետո՝ երեկ, վերջապես տեղի ունեցավ “Ա1+” եւ “Նոյյան տապան” հեռուստաընկերություններ, ՀՌԱՀ եւ ԵԽ եռակողմ հանդիպումը: “Ա1+”-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը սկզբում հրաժարվեց մասնակցել հանդիպմանը, քանի որ, չգիտես ինչու, այն նախատեսվել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի աշխատեսանյակում: “Ա1+”-ի եթերազրկման եւ ՀՌԱՀ-ի գործունեության հարցում պարոն Հարությունյանի դերը, գոնե Հայաստանում, պարզ է բոլորին, եւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախմբի զեկուցողների հետ հանդիպմանը նրա ներկայությունը պարզապես անընդունելի էր:
ՀՀ լրատվական դաշտում տիրող իրավիճակին ծանոթանալու` ԵԽ ներկայացուցիչների ցանկությունն իսկապես այնքան մեծ էր, որ հանդիպումը կայացավ առանց Ալիկ Հարությունյանի: “Կարծում եմ, որ հանդիպման նպատակը “Ա1+”-ի եթերազրկման գործընթացը ճիշտ հասկանալու եւ ԵԽ-ում ճիշտ ներկայացնելու միտում ուներ: “Ա1+”-ի եւ “Նոյյան տապանի” օրինակները բավական էին, որպեսզի ԵԽ մոնիտորինգի խմբի զեկուցողները պատկերացնեն ՀՀ-ում ԶԼՄ-ների վիճակը”,- նշեց “Ա1+” հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Մոնիտորինգի խմբի զեկուցողներ Յասկերնիան եւ Ժորժ Կոլոմբիեն արտահայտվելու հնարավորություն են տվել ե՛ւ “Ա1+”-ի, ե՛ւ ՀՌԱՀ նախագահներին:
“Ընդամենը երկու հարց եմ ներկայացրել՝ ինչու՞ պարոն Ամալյանը մինչ օրս գրավոր չի ներկայացնում 8 մրցույթներում “Ա1+”-ին մերժելու հիմքերը եւ, ինչպե՞ս պատահեց, որ պրոֆեսիոնալ կազմ ունեցող եւ 6 տարի շարունակ եթերում աշխատող “Ա1+”-ի կազմը պարտվում է մի հեռուստաընկերության, որը հայտարարում է, որ պատրաստվում է աշխատել “Ա1+”-ի կազմի հետ”,- ասաց Մեսրոպ Մովսեսյանը: Պարոն Ամալյանը բացատրել է, որ չեն ցանկացել նախապես փչացնել “Ա1+”-ի աշխատակիցների տրամադրությունը: Պարոն Ամալյանի պատասխանը մեկ անգամ եւս փաստում է, որ “Ա1+”-ի եթերազրկումը որոշված էր նախապես: Նա նաեւ չի կարողացել ներկայացնել, թե ինչ սկզբունքներով առաջնորդվելով է ութ անգամ շարունակ մեկ կամ երկու գնահատականի արժանացրել “Ա1+”-ի մրցութային առաջարկները: Պարոն Ամալյանի պատասխանները, մեղմ ասած, չեն գոհացրել ԵԽ ներկայացուցիչներին եւ, մասնավորապես, Ժորժ Կոլոմբիեն հայտնել է. “Ձեր պատասխանները համոզիչ եւ գոհացուցիչ չեն: Հայաստանում ԶԼՄ-ների վիճակը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններն իրականացնելիս”: Պարոն Կոլոմբիեն նաեւ նշեց, որ այդ մասին պատրաստվում է հայտնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին:
Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ եվրադատարանում “Ա1+”-ի հայցը ներկայացնող փաստաբանները, որոնք Հայաստան են ժամանել խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար:
