ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՆՑ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԱՆՀՆԱՐ Է ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
“Մենք որոշել ենք հասնել “Ա1+”-ի բացմանը. երբ, ինչպես չգիտենք”,- այսօր Ժուռնալիստի տանը հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա, “Ա1+”-ի եթերազրկումը Հայաստանում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակումն է, եւ հեռուստատեսության փակման օրը՝ ապրիլի 2-ը, խոսքի ազատության սահմանափակման խորհրդանշական օր է:
Ապրիլի 2-ից մինչեւ մայիսի 3-ը, այսինքն` Մամուլի ազատության համաշխարհային օրը, 5750 քաղաքացի իր ստորագրությամբ կառավարությունից պահանջել է հրապարակել ազատ հեռուստակապուղիների ցանկը՝ դրանով հնարավորություն տալով “Ա1+”-ին վերադառնալ եթեր: Մի խումբ մտավորականների պահանջով ռուսական “ՆՏՎ” հեռուստաընկերության կապուղին տրվեց “Կուլտուրա” ալիքին, հետեւաբար, ըստ Ավետիք Իշխանյանի, մոտ 6000 քաղաքացիների, որոնց մեծ մասը մտավորականներն են, կարծիքը պետք է հաշվի առնվի: Ի դեպ, առ այսօր կառավարությունը քար լռություն է պահպանում:
“Հանուն խոսքի ազատության” նախաձեռնությունը պատրաստվում է այս ստորագրությունները հանձնել կառավարությանը: Ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, սահմանադրական փոփոխություններից հետո էլ եթե ՀՌԱՀ-ի կազմավորման կարգում որեւէ փոփոխություն չլինի, ապա հաջորդ ընտրությունները կտապալվեն. “Որեւէ բեմականացմամբ չի ստացվելու ցույց տալ, որ դրանք ժողովրդավարական են անցել”: ԵՄԱ նախագահի գնահատականով՝ հնարավոր չեն ազատ ու արդար ընտրություններ, երբ ՀՌԱՀ-ն այնպիսին է, որ լրատվամիջոցները չեն կարողանում կատարել իրենց իրական դերը: Ավետիք Իշխանյանն էլ ավելացրեց, որ ընտրությունը միայն քվեարկություն չի, այլ այն սկսվում է քվեարկությունից հետո. “Ընտրությունն այն է, երբ խոսքն ազատ է”:
