«Ա1+»-ի ղեկավարությունը գտնում է, որ իշխանությունները ջանում են կանխել «բողոքի ակցիաների շարունակականությունը»

Շաբաթ օրը «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման երրորդ տարելիցի կապակցությամբ
հայաստանյան մի շարք լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնած
բողոքի ակցիաների շարքի առաջին միջոցառումից հետո իրավապահները տուգանային հրապարակ
են տարել «Ա1+» հեռուստաընկերությանը սպասարկող ավտոմեքենան եւ «վերցրել են»
մեքենայում գտնվող բարձրախոսներն եւ ցուցապաստառները:



Ի պաշտպանություն «Ա1+»-ի ակցիաների կազմակերպիչները շաբաթ օրը հեռուստաընկերության
գրասենյակից երթով շարժվել էին դեպի Կոմիտասի արձանը, որտեղ առաջիկա տասը օրերին
անցնելու է ստորագրահավաք՝ հեռուստաընկերության վերաբացման պահանջով:



«Երեւի դա նրանց մի քիչ վախեցրեց եւ որոշեցին, որ այդպիսի ուժային ձեւով կանխեն
շարունակական պրոցեսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ
Մովսեսյանը:



Մովսեսյանը ավելացրեց, որ ավտոմեքենան հանրահավաքից հետո տարվել է տուգանային
հրապարակ, ըստ ոստիկանների՝ «ստուգման նպատակով»: Նրա փոխանցմամբ, տուգանային
հրապարակում պետավտոտեսչության հերթապահ տեսուչը իրենց տեղեկացրել է, որ այդ ամենը
արվում է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի կարգադրությամբ:



Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Սայաթ Շիրինյանը «Ազատություն»
ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, թե ոստիկանների գործողությունները «միանշանակ ճիշտ
եւ օրինական» են եղել, քանի որ երթի ընթացքում հասարական կարգի մի շարք խախտումներ
են արձանագրվել:



Նրա խոսքերով, տուգանային հրապարակ տարված մեքենան խախտել էր երթեւեկության
կանոնները: Բացի այդ, Շիրինյանը ասաց, թե մարդատար մեքենայի վրա չի թույլատրվում
բարձրախոս ամրացանել՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ օրենքը կամ սահմանված
կարգն է դա արգելում:



Վարչական իրավախախտման համար ավտոմեքենայի վարորդը կտուգանվի, եւ
հեռուստաընկերությունը կարող է տուգանային հրապարակից հանել ավտոմեքենան, իսկ
բարձախոսները եւ ցուցապաստառները չեն վերադարձվի, քանի որ, Շիրինյանի փոխանցմամբ՝
«կարգ է այդպես»:



Ռուզաննա Ստեփանյան