ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՆՐԱՆՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԱՆԻ
Սա նարնջագույն չէ, այլ ծիրանագույն է: Իսկ ծիրանագույնը զուտ հայկական խորհրդանիշ է. այսօր պարզաբանեցին Հայաստանի անկախության համար ազգային նորաստեղծ լիգայի ներկայացուցիչները՝ ի պատասխան ակնարկի՝ ինչու՞ են վերջիններս կրում նարնջագույն ժապավեններ:
Ժուռնալիստի տանն այսօր ազդարարվեց նոր լիգայի ստեղծման մասին,որը որոշել է «միավորել բոլոր նրանց, ում համար Հայաստանի անկախությունը բարձրագույն, գերակա արժեք ու նպատակ է»: 12 հոգի, ինչպես, օրինակ, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանն ու Ստեփան Սաֆարյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, մոտ մեկ ամիս առաջ հավաքվել, ժողով էին գումարել եւ հիմնադրել էին այս լիգան:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ իրենք հանրության ուշադրությունն են հրավիրելու երկրի ղեկավար մարմինների ձեռնարկած այն քայլերի եւ գործարքների վրա, որոնք վտանգում են Հայաստանում օրինականությունն ու ժողովրդավարությունը: Այդպիսի գործարք նրանք համարում են, օրինակ, բաշխիչ էներգետիկ ցանցերի սեփականաշնորհումը:
«Բայց մենք անցյալի դեմ չենք պայքարում, եւ անցյալը պարզապես պետք է դրդապատճառները ուսումնասիրելու համար»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Գրիգորյանն էլ հայտարարեց, որ իրենք հարց լուծող չեն, այլ հարց բարձրացնող: Լիգան նպատակադրվել է հասարակության մասնակցությունը ակտիվացնել կառավարման գործընթացներին, հասարակությանը ոտքի հանել:
Ի դեպ, լիգայի անդամագրվելիս պետք է ընդունել հետեւյալ պայմանը. «Անդամներին արգելվում է լիգայի անունից քարոզչություն իրականացնել հոգուտ այս կամ այն քաղաքական կուսակցության կամ դրա ղեկավարի»: Հակառակ պարագայում՝ նրան կվտարեն լիգայից: Լիգայի անդամները իբրեւ անհատներ, այնուհանդերձ, կարող են մասնակցել ընտրություններին:
