ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում կան լուրջ թերացումներ»
«Չնայած որոշակի բարելավումներին՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության
հարցում կան լուրջ թերացումներ», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության՝ երկուշաբթի
երեկոյան հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցում:
Ըստ զեկույցի, Հայաստանում բարձր է կաշառառության աստիճանը, առկա է եկամուտների ոչ
հավասար բաշխում՝ հարստությունը կուտակվում է մի խումբ մարդկանց ձեռքերում:
Բնակչության 43 տոկոսը աղքատ է (այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 7 տոկոսով
նվազել է): Տնտեսությունում մեծ է ստվերի դերը:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցում, թեեւ կան նաեւ որոշ բարելավումներ,
արձանագրվել են լուրջ թերացումներ:
«Իրավապահ մարմինները շարունակում են ծեծի ենթարկել կալանավորներին, լուրջ խնդիր է
դարձել անպատժելիությունը: Իշխանությունների հրահանգով քաղաքական սպանությունների
մասին տեղեկություններ չկան, փոխարենը՝ բանակում արձանագրվել է զինծառայողների
սպանության 6 դեպք, որոնց հանգամանքները հայտնի չեն», - ասվում է զեկույցում:
Կտտանքներ եւ դաժան վերաբերմունքը օրենքով արգելված են, սակայն իրավապահ մարմինները
դրանք կիրառում են. հիշատակվում է, մասնավորապես, անցած գարնանը ընդդիմության բողոքի
ակցիաները ճնշելու փաստը:
Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը, սակայն իշխանությունները,
ըստ զեկույցի, այն մասամբ սահմանափակում են: Հայտնի են լրագրողների հանդեպ բիրտ
վերաբերմունքի դեպքեր: Մամուլի մեծ մասը իշխանամետ է, վերջին նախագահական
ընտրություններում հիմնական լրատվամիջոցները՝ հանրային եւ մասնավոր
հեռուստաընկերությունները եւ մամուլը կողմնակալություն են դրսեւորել եւ աջակցել գործող
նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Պետքարտուղարության զեկույցում հիշատակվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հետ
համագործակցությունից հրաժարվելու՝ «Կենտրոն» հեռուստաընկերության որոշումը. -
«Հեռուստաընկերության տնօրենը հայտնել է, թե իշխանությունների հետ այդ խնդիրը չի
քննարկել, սակայն տպավորություն է ստեղծվում, թե որոշումը կայացվել է
իշխանությունների ճնշումների հետեւանքով»:
Արմեն Քոլոյան, Պրահա
Զեկույցի տեքստը ամբողջությամբ`
Country Reports on
Human Rights Practices - Armenia 2004
