ԵՐԿՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՎՐԻՊԵԼ ԵՆ

Այսօր Երեւանի Աբովյան փողոցի հարյուրամյա շենքերից մեկի մոտ քաղաքացիները պիկետ էին կազմակերպել: Աբովյան 1/4 շենքի ժամանակին բնակելի է եղել, որի բնակիչները պետությունից դրամական փոխհատուցում են ստացել ու տարածքն իրացրել: Աբովյան 1/4 շենքի իրացված տարածքի բնակիչները դժգոհություններ չունեն, փոխարենը դժգոհում են ճարտարապետական հուշարձաններով մտահոգված երեւանցիները:

Նրանց խոսքով, անշարժ գույքի բիզնեսով զբաղված իշխանավորները դիտավորյալ շինությունը դուրս են թողել հուշարձանների ցանկից, որպեսզի քանդեն-տեղում «լուցկու տուփ» կառուցեն: Միտինգի վայրում էր Երեւանի քաղաքապետարանի «Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ի նախագծանախահաշվային բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը: Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանը արդեն միջամտել է կառավարությանը՝ շենքը հուշարձանների ցանկ վերադարձնելու համար: Նույնը հաստատեց նաեւ Հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային կառույցի ղեկավար Կարո Այվազյանը: Նա ասաց, որ Աբովյան 1/4 շինությունը տեխնիկական վրիպման արդյունքում է ճարտարապետական հուշարձանների ցանկից դուրս մնացել, թյուրիմացությունը շուտով կշտկվի: Պաշտոնյաների հավաստմամբ, նախկին բնակելի շենքի ճակատային մասը նույնությամբ կպահպանվի, իսկ մնացած հատվածը կքանդվի, որովհետեւ արդեն իսկ քանդված է ու վթարային:

Միտինգի պահին բանվորները ետնամասից ապամոնտաժում էին նախորդ դարի մեծահարուստ «Գաբրիել Գաբրիելյանի եկամտաբեր տունը», որի երրորդ հարկի մի սենյակում ներկայումս «բոմժեր» են ապրում:

Պիկետի կազմակերպիչները երթով գնացին կառավարություն, թռուցիկ եւ նամակ հանձնեցին գործադիրին: Ցուցարարները նաեւ պաստառներ էին փակցրել շինության պատին, որով Երեւանը` «հուշարձաններից մաքրողները» որակվել էին երիտհայեր: