ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչպես է որոշվում դատապարտյալի պատիժ կրելու հիմնարկի տեսակը
Նախկինում հիմնարկի տեսակը որոշվում էր դատարանի դատավճռով, սակայն գործող Քրեակատարողական օրենսգրքի համաձայն Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետեւյալն են.
1) բաց ուղղիչ հիմնարկ.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) փակ ուղղիչ հիմնարկ.
5) բուժական ուղղիչ հիմնարկ:
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը:
Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետեւյալ առանձնահատկություններով.
1) անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ.
2) դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ.
3) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ.
4) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաեւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ.
5) որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու եւ բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ:
