Գրիշա Վիրաբյանը հաղթեց

Քրգործերով վճռաբեկ դատարանը երեկ կրկին ստիպված էր անդրադառնալ Գրիշա Վիրաբյանի գործին: Հիշեցնենք, որ ՀԺԿ անդամին 2004-ի ապրիլի 23-ին` միտինգների եռուն շրջանում տարել էին Արտաշատի ոստիկանություն եւ այնպես էին ծեծի ենթարկել, որ նա հայտնվել էր հիվանդանոցում: Բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված էին եղել շտապ վիրահատել նրան եւ հեռացնել ծեծից վնասված ամորձին: Սակայն ոստիկանները չէին բավարարվել մարդուն խեղանդամ դարձնելով` նրա նկատմամբ քրօրի 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) քրեական գործ էին հարուցել, քանի որ նա, դիմելով ինքնապաշտպանության, հարվածել էր իրեն ծեծողներից մեկին` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Մովսիսյանին: Մի քանի ամսվա քննությունից հետո, միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո, դատախազությունը կարճեց Վիրաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` պատճառաբանելով, որ հանցագործություն կատարելու ընթացքում Վիրաբյանի առողջությանը եւս պատճառվել է միջին ծանրության վնաս եւ «փաստորեն զրկանքներ կրելով նա քավել է իր մեղքը»: Գ.Վիրաբյանը նախ դատարանում բողոքարկեց իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց չպատժելու որոշումը` դատական երեք ատյանները մերժեցին քրեական գործ հարուցել գազանաբարո ոստիկանների նկատմամբ: Ապա Վիրաբյանը բողոքարկեց իր նկատմամբ քրգործը կարճելու հիմքը` պահանջելով այն կարճել հանցակազմի բացակայության, այլ ոչ թե «մեղքը քավելու» հիմքով: Առաջին ատյանը եւ վերաքննիչ դատարանը (Արշակ Խաչատրյանի նախագահությամբ) մերժել էին նրա պահանջը. երեկ հերթը վճռաբեկինն էր: Ի զարմանս մեզ, վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչի որոշումը, բավարարեց Գ.Վիրաբյանի բողոքը եւ գործը ուղարկեց նորից քննելու: Պատճառաբանությունն այն էր, որ վերաքննիչը մարդու պահանջը մերժելիս ոչ մի հիմք չի նշել` մինչդեռ նա պարտավոր է բացատրել մերժման հիմքը: