«ԿԼՈՐ ՍԵՂԱՆ»՝ ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Նոյեմբերի 13-ին ԼՂՀ-ում գործող «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» /ՔՆԿ/ ոչ կառավարական կազմակերպությունը Ստեփանակերտում հրավիրել էր «կլոր սեղան», որի թեման էր՝ «Նախկին ռազմագերիների եւ պատանդների ընտելացման, սոցիալական ռեաբիլիտացման եւ հասարակության հետ նրանց վերաինտեգրման հիմնախնդիրը՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստով»: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, խորհրդարանի, կառավարության եւ եկեղեցու ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեբաններ, իրավագետներ, սոցիոլոգներ, ինչպես նաեւ նախկին ռազմագերիներ:

ՔՆԿ տնօրեն Ալբերտ Ոսկանյանը պատմեց նախկին ռազմագերիների եւ պատանդների ռեաբիլիտացման նպատակով Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, նա նշեց, որ անհայտ կորածների որոնման, ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման Միջազգային աշխատանքային խմբի /ՄԱԽ/ եւ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի» հովանու ներքո մի խումբ նախկին ռազմագերիներ, պատանդներ եւ նրանց ընտանիքների անդամներ սովորել են համակարգչային գործ, իրավական խորհրդատվություններ են ունեցել որակյալ իրավագետների հետ, հանդիպել հոգեւորականների, ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ եւ այլն: Ղարաբաղում, Ալբերտ Ոսկանյանի խոսքերով, նշված ծրագրերի շրջանակում մոտ 60 հոգի ստացել են իրավաբանական եւ հոգեբանական օգնություն:

Բանավեճի ընթացքում նշվեցին այն գործոնները, որոնք խոչընդոտում են նախկին ռազմագերիների եւ պատանդների լիարժեք ռեաբիլիտացմանը եւ հասարակության հետ նրանց վերաինտեգրմանը, ինչպես նաեւ քննարկվեցին հոգեբանորեն խեղված քաղաքացիներին գործնական օգնության ցուցաբերման հարցեր, շոշափվեցին հիմնախնդրի իրավական ասպեկտները: Կարեւորվեց պետական եւ ոչ կառավարական կառույցների փոխգործակցությունը ընտելացման ծրագրերի իրականացման գործում: