ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
IP ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Ինտերնետային հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերությունները բացի հայտարարված մեկօրյա գործադուլից այսօր նաեւ հանրահավաք էին կազմակերպել ԱԺ շենքի մոտ: Գործազուրկ դառնալու մտավախությունն աչքի առաջ ունենալով, վաղ առավոտից ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքվելէին IP ծառայություն մատուցող մոտ 200 տնտեսվարող սուբյեկտների հարյուրավոր աշխատակիցներ:
«Կառավարությունն անջատել է հեռախոսը, խնդրում ենք փորձել մի փոքր ուշ», «Արդարադատությունը անհասանելի է, կամ գտնվում է հասարակությունից դուրս», «Պատիվը անհասանելի՞ է», այս եւ նման ցուցապաստառներ էին ճոճում ցուցարարները՝ ԱԺ «քթի» տակ:
Հանրահավաքի մասնակիցները ԱԺ-ից պահանջում էին ընդունել իրենց լիազոր ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս ԱԺ նախագահին, պատգամավորներին եւ պատգամավորական խումբ- խմբակցություններին ներկայացնեն 12 հազար ստորագրությամբ դիմում-բողոքները եւ բաց նամակը: «ԱԺ-ը պետք է վերանայի սահմանադրությանը հակասող «Կապի եւ հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածը, եւ այն քննարկի եռօրյա նիստերից մեկում»,- նշված է նամակում:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը ցույցի պահին եկել էր աշխատանքի, առաջարկեց ցուցարարներին ներս տանել փաթեթը՝ խոստանալով այն դնել Արթուր Բաղդասարյանի սեղանին:
Եթե այսօր մինչեւ 17:00 ցուցարարները ԱԺ-ից պատասխան չստանան, նրանք շարունակելու են բողոքել՝ կիրառելով սահմանադրորեն թույլատրված բոլոր մեթոդները՝ ընդհուպ մինչեւ երկարաժամկետ գործադուլ:
