ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՎՐԱՑԱՀԱՅԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵԽ-ԻՆ
Հոկտեմբերի 25-26-ին Թբիլիսիում իր հերթական նիստն է գումարում Եվրոպայի Խորհրդի Մոնիտորինգի հանձնախումբը։ Նրանք քննարկելու են Վրաստանի պարտավորույթունների հարցը: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հետեւյալ հուշագիրն է հղել հանձնախմբին` նրանց ուշադրությունը հրավիրելով Սամցխե-Ջավախքում տիրող ծանրագույն վիճակին։
«Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, խտրական օրենքների պատճառով, հայ ազգաբնակչությունը նվազ է ներկայացվել տեղական վարչական համակարգում։ Շրջանային մակարդակի վրա ընտրովի մարմիններ չկան եւ նախագահական հրամանագրերով նշանակվող լիազոր ներկայացուցիչների ինստիտուտի համար օրենսդրական հիմք չկա։
Չեն իրականացվում բնակչության իրական շահերից բխող սոցիալ-տնտեսական զարգացման, ո՛չ կարճաժամկետ, ոչ՝ հեռանկարային ծրագրեր։ Սպառնալի չափերի է հասնում ժողովրդի աղքատությունը եւ հուսահատությունը։ Անբավարար են կրթական եւ մշակութային կենսապահովման պայմանները:
Վրաստանի ազգային բազմազանության եւ նրա ներքին քաղաքական եւ վարչական համակարգի շուրջ երկրում չկա սոցիալ-քաղաքական լայն փոխհամաձայնություն։
Մինչ մեծ թվով հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների գոյությունը, ինչպես նաեւ պատմագրական արձանագրությունները վկայում են այն մասին որ հարավային Վրաստանում, ներառյալ Սամցխե-Ջավախքը, հայերը բնիկներ են, վրացական հասարակությունը այդ տարածքներում ապրող հայերին նկատում է որպես եկվոր։ Առկա են գրանցված փաստեր այս հուշարձանները «վրացականացնելու» փորձերի մասին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հեղինակները դիմել են Մոնիտորինգի խմբին`«ապահովելու, որ Վրաստանը կհարգի Եվրոպայի Խորհրդին իր անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունները»։
