ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պրոբացիայի ծառայությունը Հայաստանում. անցած ուղին և ակնկալիքները

Այս հրապարակմամբ սկսում ենք հոդվածների շարք, որոնք վերաբերելու են «պրոբացիա» հասկացությանը և Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Դրանք քննարկելու են պրոբացիայի կարիքներն ու ռիսկերը, անդրադառնալու են ծառայության առավելություններին և այն ռազմավարությանը, որը կարող է կիրառվել կյանքի կոչելու համար մի համակարգ, որն իրական այլընտրանք կհանդիսանա այսօր Հայաստանում քրեական հանցագործությունների համար հաճախ կիրառվող ազատազրկմանը:
2003-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է խիստ սահմանափակ թվով այլընտրանքներ ազատազրկմանը: 2005-ին քրեակատարողական համակարգում սկսեց գործել Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը (ԱՊԿԲ), որը պատասխանատու է ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման համար: Սակայն ո՛չ օրենսդրությունը, ո՛չ էլ ԱՊԿԲ-ն ի վիճակի չեղան լուծելու ազատազրկման չարաշահման համակարգային խնդիրը: Ակնհայտ էր, որ անհրաժեշտ է վերականգնողական արդարադատության մոտեցումը խթանող քաղաքականություն և գործողություններ:
2014-ին հաստատվեց Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը: Իսկ 2015թ. հունիսին ԱՊԿԲ-ի հենքի վրա սկսեցին գործել պրոբացիայի երկու պիլոտային գրասենյակներ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:
Մարզերի ընտրությունը հիմնված էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից իրականացված՝ Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների վերաբերյալ հետազոտության արդյունքների վրա: Այն գնահատում է քրեածին իրավիճակը Հայաստանում, և Վանաձորն ու Շենգավիթն, այս առումով, ամենախնդրահարույց շրջաններն են:
Սկզբում պրոբացիայի պիլոտային գրասենյակները գործում էին գոյություն ունեցող իրավական դաշտի և պրակտիկայի հնարավորության շրջանակներում: Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող ԱՊԿԲ-ն դարձավ հենք ապագա Պրոբացիայի ծառայության համար:
Ոչ միայն Արդարադատության նախարարությունը, այլև Զբաղվածության պետական գործակալությունը և Մշակույթի նախարարությունը, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպություններն ակտիվ ներգրավվեցին այս գործընթացներում: Այսօր, կարող ենք ասել, որ պատրաստակամություն կա պայքարելու ազատազրկման արատավոր պրակտիկայի և հասարակության վրա դրա թողած բացասական ազդեցության դեմ, և կիրառելու ավելի շատ այլընտրանքային միջոցներ:
Այնուամենայնիվ, գոյություն ունեցող օրենսդրության սահմաններում հնարավոր չէր ունենալ դասական պրոբացիայի ծառայություն իր գործառույթների ողջ ծավալով: 2016թ. ապրիլի 1-ին Արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց Ազգային ժողովում: Օրենքի ընդունումը և գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները կնպաստեն քրեական արդարադատության նկատմամբ նոր հայեցակարգի արմատավորմանը, ինչը կարող էր ունենալ վերականգնողական ազդեցություն բոլոր ներգրավված կողմերի, այսինքն՝ իրավախախտների, զոհերի և համայնքի վրա:
Ի՞նչ է պրոբացիան
Ընդհանուր առմամբ, պրոբացիան (փորձաշրջան) այլընտրանք է ազատազրկմանը քրեական արդարադատության իրականացման տարբեր փուլերում: Փորձաշրջանի ընթացքում իրավախախտում կատարած անձը ազատության մեջ է, սակայն դատարանի և հատուկ գործակալության՝ Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ է:
Պրոբացիայի ծառայության հսկողության տակ գտնվող անձը պետք է հետևի որոշակի կանոնների և պահանջների, և նրա վարքը ուսումնասիրվում և գնահատվում է հատուկ վերապատրաստում անցած պրոբացիայի ծառայողների կողմից: Այս սահմանափակումների նպատակն է մի կողմից ապահովել հասարակության/համայնքի անվտանգությունը, մյուս կողմից՝ իրավախախտում կատարած անձին չկտրել իր առօրյա կյանքից և հարազատ միջավայրից: Բացի այդ, փորձաշրջանն օգտագործվում է օգնելու հանցագործության համար դատապարտված անձանց հեշտությամբ անցնել հասարակությանը վերաինտեգրվելու շրջանը: Պրոբացիայի ծառայության հատուկ վերապատրաստված աշխատակիցները պետք է կարողանան երկխոսություն հաստատել յուրաքանչյուր շահառուի հետ՝ նրանց խրախուսել մասնակցելու տարբեր կրթական, մշակութային, մարզական միջոցառումների և, ընդհանուր առմամբ, նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ:
Ինչո՞ւ է դա կարևոր
Կայացած և պահանջարկ ունեցող Պրոբացիայի ծառայության ստեղծումը հիմնավորված է ինչպես բարոյական և էթիկական, այնպես էլ՝ զուտ տնտեսական տեսանկյունից:
Չնայած որ գործող օրենսդրությունը չի սահմանում, որ պատժի նպատակներից մեկը վերականգնումն է, այնուամենայնիվ, շատ ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաև՝ պրոբացիայի վերաբերյալ օրենսդրական նախագծերում նշվում է, որ պատժողական քաղաքականությունից Հայաստանն անցում է կատարում դեպի վերականգնողական արդարադատության, և հստակորեն նշվում է, որ վերականգնումը քրեակատարողական համակարգի աշխատանքի կարևորագույն արդյունքը պիտի լինի: Իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես վերականգնողական արդարադատության պարտադիր բաղադրիչ:
Այնուամենայնիվ կա լայնորեն տարածված կարծիք, որը հաստատվում է նաև տխուր փորձով, որ մեր քրեակատարողական համակարգը պատժողական է և չի նպաստում վերաինտեգրմանը հասարակության մեջ: Բանտերի ոչ բարենպաստ պայմանները, ինչպես նաև՝ ազատազրկված անձանց հանդեպ եղած նախապաշարմունքները ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում իրավախախտում կատարած անձի վրա: Վերջինս քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ավելի մերժված է համայնքի կողմից, քան մինչ դատապարտվելը: Սա կրկին հանցագործություն կատարելու, հետագա օտարման և զայրույթի ավելի բարձր ռիսկ է պարունակում: Բանտային համակարգի բարեփոխումները, որոնք կարող են արդյունավետ պայքարել այս իրականության դեմ, բարդ են, ծախսատար և երկարատև ջանքեր են պահանջում: Ավելի հեշտ և ֆինանսական տեսանկյունից արդյունավետ է հնարավորինս խուսափել ազատազրկումից: Պրոբացիայի մեթոդներն ու հնարավորությունները՝ ժամանակակից տեխնոլոգիաների հետ համակցությամբ, ինչպիսին էլեկտրոնային մոնիթորինգն է, վերականգնման և վերաինտեգրման նպատակն ավելի իրատեսական են դարձնում, համենայն դեպս, ներկայումս կիրառվող ազատազրկման հետ համեմատ:
Բարոյական կողմից բացի, բանտում գտնվող անձանց թվի կրճատումը կբեռնաթափի Հայաստանի քրեակատարողական հիմնարկները։ Բանտերի գերբնակեցումը ևս մեկ խնդիր է, որը խոչընդոտում է դրանց նյութական պայմանների և բանտային ռեժիմի բարելավմանը: Քանի որ շատ սահմանափակ ռեսուրսներ են հատկացվում ազատությունից զրկված անձանց կարիքները բավարարելու համար, հետևաբար որքան քիչ բանտարկյալներ ունենանք, այդքան ավելի լավ պայմաններ կարող են առաջարկվել բանտում գտնվող անձանց:
Կարճ ասած՝ հաջողված պրոբացիայի ծառայությունը.
-կնպաստի ազատազրկմանը դատապարտված անձանց ավելի լավ վերաինտեգրմանը հասարակության մեջ,
-կկանխի կրկնահանցագործությունը,
-կբեռնաթափի բանտերը և, արդյունքում, կկրճատի պետական ծախսերն այս ոլորտում:
Պրոբացիային ուղղված քայլերը Հայաստանում՝ ամփոփ
Նախագծվում էր, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է ներգրավվի քրեական դատավարության տարբեր փուլերում, այդ թվում` մինչդատական վարույթում, դատավճիռը կայացնելիս, պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում: Սակայն Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման առաջին տարիներին ընդամենը երկու ոլորտ է քննարկվում՝ մինչդատական վարույթը և պենիտենցիար փուլը: Այս փուլում մեծ ուշադրություն է դարձվում կալանավորմանը այլընտրանք հանդիսացող խափանման միջոցները վերահսկելու հնարավորություններին, այդ թվում`տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլընտրանքային պատիժների կատարումը: Պրոբացիայի ծառայությունը կվերահսկի նաև փորձաշրջանի մեջ գտնվող պայմանական վաղաժամկետ ազատված կամ պատժի կատարումը հետաձգված անձանց նկատմամբ: Ինչպես արդեն նշվել է, Պրոբացիայի ծառայության պարտականություններն ավելին են, քան սոսկ վերահսկողության, մոնիթորինգի, հսկման և գնահատման իրականացումը։
Վերահսկողական գործունեությունից բացի Պրոբացիայի ծառայությունը կզբաղվի նաև դատարանի պահանջով մինչդատական զեկույցների պատրաստմամբ և վերականգնողական ծրագրերով: Հատուկ վերապատրաստված անձնակազմը տարբեր կերպ կաջակցի ծառայության շահառուներին, այդ թվում` մշտական աշխատանք գտնելու նպատակով մասնագիտական ուսուցման, տարբեր կրթական ծրագրերի և սպորտային ու մշակութային ծրագրերի կազմակերպման միջոցով:
Պրոբացիայի հայեցակարգով նախատեսվում է նաև ծառայության աշխատանքներում ներգրավել հոգեբաններ և սոցիալական աշխատողներ: Նախատեսվում է, որ Պրոբացիայի ծառայությունը հետագայում կհամագործակցի տարբեր պետական և ոչ պետական նախաձեռնությունների ու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հասարակական կազմակերպությունները, Հայ առաքելական եկեղեցին և նույնիսկ առանձին կամավորները: Համատեղ ջանքերը կզարգացնեն պրոբացիան և կավելացնեն համապարփակ համայնքային մոտեցում ավելի արդյունավետ և օգտակար ծրագրերի մշակման համար՝ կանխելով կրկնահանցագործությունը և իրավախախտների հետագա մեկուսացումը:
Հայաստանի երիտասարդ պրոբացիայի ծառայության այս առաջին քայլերի հաջողությունը կորոշի արդյո՞ք մենք կունենանք մի մեխանիզմ, որն արդյունավետ է, ժողովրդավարական և կարող է հաղթահարել ներկայիս քրեածին իրավիճակը, որի պատճառներից մեկն, ի թիվս այլոց, կրկնահանցագործության բարձր ռիսկն է նախկին դատապարտյալների շրջանում, ովքեր չեն կարողացել վերաինտեգրվել հասարակությանը և այդ պատճառով ստիպված են եղել դիմել նոր հանցագործության: