«Զատիկ» մանկատունը կդառնա երեխաների աջակցության կենտրոն

Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանկատան շրջանավարտների աջակցության ի՞նչ ծրագրեր է իրականացնում:

Ընդհանրապես հասարակությունը ծանոթ է միայն  բնակմակերեսով ապահովելու ծրագրին, այնինչ դա ընդհանուր ծրագրի մի մասն է միայն, իսկ ծրագիրը կոչվում է այսպես ՝ «Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատան խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին», որն ունի հետևյալ բաղադրիչները՝ մասնագիտական կողմնորոշում ու վերապատրաստում, հոգեբանական աշխատանքներ, իրավաբանական ու նյութական աջակցություն: Օրինակ՝ մանկատնից դուրս գալուց հետո 50 հազար դրամ տալիս ենք, որ կարողանան առաջնահերթ խնդիրները լուծել, երբեմն տալիս ենք նաև միանվագ դրամական օգնություն՝ կրթաթոշակի տեսքով, եթե երեխան օրինակ՝ ընդունվել է ուսումնական հաստատություն: Մենք այս աշխատանքները պատվիրակում ենք հասարակական կազմակերպություններին՝ ժամանակին դա «Ֆորում» ՀԿ-ն էր, իսկ այժմ այդ հարցերով զբաղվում է  Հայ օգնության միությունը՝ ՀՕՄ-ը:

Մանկատան շրջանավարտին նախ և առաջ կացարան է անհրաժեշտ։ Այսօր մոտ 250 երեխա դեռ չունի կացարան, բնակարան ստացած 40 երիտասարդների մի մասն ապրում է՝ բողոքելով անմխիթար պայմաններից, իսկ մի մասն ընդհանրապես չի բնակվում այդ տներում: Որտե՞ղ և ովքե՞ր են թերացել այս գործում:

ՀՀ վերահսկիչ պալատն այնպիսի բաներ ներկայացրեց իր հաշվետվության մեջ, որոնք ճշմարտությանը չէին համապատասխանում: Իրենք ասում էին, որ անտեղի ծախսեր են արվել, այնինչ մենք այդ բնակարանների գումարը հետ վերցրեցինք: 2003թ-ից ամեն տարի մոտ 300 միլիոն դրամ է պետությունը տրամադրել մանկատան 1991-2003թթ. շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար, ովքեր  կամուրջների տակ էին ապրում ու շատ անմխիթար վիճակում էին: Բայց այդ ժամանակ չէին մտածում, որ ծրագիրը շատ բարդություններ կունենա: Այսպես էր՝ մրցույթ հայտարարվեց, տարբեր ընկերություններ շահեցին այն ու պետք է սկսեին բնակարաններ գնել, այն ժամանակ, երբ մեկ սենյականոց բնակարանների գինը հասավ գրեթե երկու սենյականոց բնակարանների գնին: Մենք ստուգումներ անցկացրեցինք և այն կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին մեզ հետ աշխատել, գումարը վերադարձրեցին, իսկ ովքեր թերացան իրենց գործում, գումարից բացի նաև տուգանքներ մուծեցին, այսինքն պետությունը դրանից ոչ մի կաթիլ չի տուժել:

Ինչու՞ արդեն երկու տարի է բյուջեով կոնկրետ գումար չի հատկացվում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար, այն  դեպքում, երբ դրա համար հատուկ 1 միլիարդ 3 միլիոն դրամ գումար էր հատկացվել, որոնք դուք վերագանձել եք բնակարանային ծրագիրը տապալած կազմակերպություններից:

2008-ից այդ գումարը պետք է հատկացվեր, որ մինչև 2010թ. ծրագիրը շարունակվեր, բայց տնտեսական ճգնաժամը պատճառ դարձավ, որ գումարն այդտեղ չուղղորդվի, իսկ հետո կառավարությունը որոշեց փոխել իր գործունեության ձևը՝ հաշվի առնելով այս հարցի շուրջ բարձրացած անառողջ աղմուկը: Ամեն դեպքում մենք բնակարաններ ենք տրամադրել մոտ 150 շրջանավարտի, վերջին բնակարանները  տվել ենք էջմիածնում ու Մասիսում այն շրջանավարտներին, ովքեր ընտանիքներ ունեն: Ես ինքս եղել եմ այդ վիճելի բնակարաներում, որոնք ընդամենը 10 տոկոս են կազմում:

Մեկ ամիս առաջ 28, իսկ այժմ արդեն 10 բնակարան դուք պատրաստվում եք վերաբաշխել: Այդ բնակարանների տերերից ոմանք ասում են, որ նման բնակարանում  ապրել հնարավոր չէ: Արդյոք պատրատվու՞մ եք վերանորոգել դրանք, ինչպես նաև այն բնակարանները, որտեղ բնակվող շրջանավարտները շարունակում են բողոքել:

Շրջանավարտները ստորագրել են, որ ընդունում են բնակարանն այնպես, ինչպես իրենց տվել են, այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, բացի այդ՝ չենք կարծում, որ այդ բնակարաններն իրոք վատ վիճակում են: Իսկ ինչ վերաբերում է այդ 10 բնակարաններին, մենք պատրաստվում ենք դիմել տարբեր կազմակերպությունների ու ինչքան հնարավոր է վերանորոգել, բացի այդ կան շրջանավարտներ, ովքեր պատրաստ են հոգալ վերանորոգման ծախսերն ինքնուրույն:

Մեր նախարարությունում բացվել է հատուկ աշխատանքնային խումբ, որը հանդիպում է շրջանավարտների հետ ու փորձում լսել իրենց խնդիրները: Այստեղ պարզ է դառնում, որ հնարավոր չէ մի ձևով լուծում տալ  բոլորի խնդիրներին, օրինակ՝ մեկը ասում է, որ իրեն տանք մարզի բնակարանի գումարը և ցածր տոկոսադրույքով հիպոտեկային վարկ, և ինքը տուն կգնի Երևանում: Չմոռանանք նաև, որ մեր խնդիրն է զբաղվել նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանով ապահովելու հարցով: Մենք ունենք այդպիսի մոտ 120 շահառու, որոնից միայն 6 հոգու ենք կարողացել ապահովել բնակարանով:

Վերջիվերջո, ինչպե՞ս և ե՞րբ է մանկատան 250 շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած մոտ 115 երեխաների  ապրելու կացարան ունենալու հարցը լուծվելու։

Մենք նոր հայեցակարգ գրեցինք, քանի որ պարզ էր արդեն, որ նախարարությունից դուրս կան ռիսկեր: Որոշեցինք, որ պետական կառույցները, երբ կառուցում են սոցիալական տներ, դրանց մի մասը հատկացնեն մեզ, մենք էլ կտրամադրենք շրջանավարտներին: Այն երեխաները, ովքեր հիմա դրսում են հայտնվել, խնդրում ենք, որ մանկատան տնօրենները օգնեն, մինչև մյուս բնակարանները կկառուցվեն։ Գյումրիում 6 բնակարան  շուտով կհատկացնենք Գյումրիի մանկատան շահառուներին, իսկ 12 բնակարան Մարալիկում արդեն պատրաստ է, ուղղակի ջրամատակարարման հարցը դեռ լուծված չէ, սպասում ենք: Մի բան հաստատ է, որ Երևանում հաստատ բնակարան չենք տրամադրելու:

Մենք այժմ ունենք 7 պետական մանկատուն և 800 երեխա, որոնցից 550-ը մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են: Այս տարի կլինի 15-20 շրջանավարտ ու այդ քանակն արդեն քչանում  է:«Զատիկ» մանկատանը 3 տարի առաջ կար 110 երեխա, այսօր՝ 35 երեխա։ Կառավարության որոշմամբ՝ այն հունվարից կդառնա երեք ուղղությամբ աշխատող մի հաստատություն՝ ցերեկային խնամքի կենտրոն, դժվար վիճակում հայտնված երեխաների ժամանակավոր (միչև 6 ամիս) կացարան և բնակատեղի նաև ավագ մանկատան 30 սաների համար, ովքեր մինչև 2014թ. կավարտեն։ Եւ «Զատիկը» կդառնա երեխաների զարգացման ու աջակցության կենտրոն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մանկատները պակասեն ու այդ երեխաները խնամք ստանան ընտանիքներում, քանի որ հիմնականում այդ բոլոր երեխաները ծնողներ են ունենում:

Հարցազրույցը՝ Կարինե Իոնեսյանի
Աղբյուրը՝ www.hra.am