ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեակատարողական վարչությունում քննարկել են պրոբացիոն համակարգի ներդրման խնդիրները
Հոկտեմբերի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում (ՔԿՎ) տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի և Միացյալ Թագավորությունից ժամանած, պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարթին Սեդդոնի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՔԿՎ պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պրոբացիոն համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք աշխատանքներին, փորձնական ծրագրին և անհրաժեշտ փորձի փոխանակմանը:
Քրեկատարողական վարչության պետ, գեներալ–մայոր Արթուր Օսիկյանը, կարևորելով այդ ոլորտում համագործակցությունը, նշել է, որ քաջատեղյակ է այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև, անդրադարձել է համակարգի ներդրման համար առաջնահերթ խնդիրներին: Այնուհետև պրոբացիոն համակարգի փորձագետները համակարգի ներդրման հետ կապված քննարկումը շարունակել են քրեակատարողական վարչության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:
