ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովն ավարտվեց

Նոյեմբերի 26-27–ը Երևանում կայացավ ոստիկանական համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ ոստիկանությունից և այլ պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկեր կազմակերպություններից, ինչպես նաև՝ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն, որն այս օրերին ԵԱՀԿ աջակցությամբ ճանաչողական այցով Հայաստանում է:
Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին և քննարկեցին ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում և Էստոնիայում իրականացված ոստիկանության
բարեփոխումների հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները, կիսվեցին իրենց փորձով։
ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքում նշեց, որ նման համաժողովները կարևոր են ոստիկանությունում ընթացող բարեփոխումների վերաբերյալ իրազեկելու և փորձի փոխանակման առումով։
«Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք նպաստել են ոստիկանության ծառայության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց վերացմանն ուղղված միջոցառումները ներառված են 2013-2014 թթ. բարեփոխումների ծրագրում»,– ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ կարևոր է փոխել ոստիկանի արժեհամակարգը, որպեսզի նա հասկանա, որ «ինքն առաջին հերթին մարդ է, քաղաքացի, նոր՝ ոստիկան»։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի խոսքերով՝ ոստիկանության համակարգի բարեփոխումը անհրաժեշտություն է շատ անցումային երկրներում:
«Դա դժվար և մարտահրավերներով հագեցած գործընթաց է, որը պահանջում է համակարգային փոփոխություններ, իրավապահ մարմինների աշխատակիցների հմտությունների կատարելագործում և ամենակարևորը՝ մտածելակերպի փոփոխություն՝ ուղղված ապահովելու արդյունավետ ծառայություն հանրային կարիքները հոգալու համար»,– կարծում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2010 թվականից սկսած՝ աջակցում է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացին ՝ մեծ ուշադրություն դարձնելով ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի խթանման վրա՝ ոստիկանական կրթության և ոստիկանություն-հանրություն գործընկերության ամրապնդման ոլորտներում:
ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանը, ներկայացնելով ԵԱՀԿ աջակցությամբ ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նշեց, որ անցած տարիներ ընթացքում ներդրվել է համայնքային ոստիկանության մոդելը, գործարկվել է եռաստիճան կրթական համակարգ, հստակեցվել և կարգավորվել է ոստիկանության գործելաոճը զանգվածային միջոցառումների ժամանակ, ստեղծվել են պարեկապահակային հատուկ ստորաբաժանումներ, ներդրվել է դպրոցական տեսուչի ինստիտուտը, ներդրվել են կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր, բարեփոխումներ են կատարվել ճանապարհային ոստիկանության համակարգում։
Նրա խոսքերով՝ 2013-2014թթ. բարեփոխումների ծրագիրը շարունակվում է, և առավելապես ուղղված է ներքին կառուցվածքային–կազմակերպական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։
Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաև՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցությամբ:
