ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ծեծի են ենթարկվել անհայտ անձանց խմբերի կողմից

Սեպտեմբերի 5-ին՝ ուշ երեկոյան ծեծի են ենթարկվել Երևանում ընթացող բողոքի ակցիաներին մասնակցող ևս երկու քաղաքացի՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանն ու «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» հակակառուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը։
Նրանց խոսքերով՝ իրենք երեկոյան հանդիպել են իրենց ընկերներին, որոնց թվում է Ֆեյսբուքում «Նավակ ճոճողը» անունով ներկայացող ակտիվիստ Վիլեն Հակոբյանը և զբոսնել են Օպերայի շենքի մոտակայքում։ Հետո՝ տուն վերադառնալիս, երբ Հայկակն իջել է ավտոտնակի դուռը բացելու, որպեսզի մեքենան կայանի, հետևից մոտեցել են և հարվածել։ Հետո հարձակվել են նաև մեքենայից իջնել ցանկացող Սուրեն Սաղաթելյանի վրա։
«Հարվածները հիմնականում գլխիս տվեցին, մատս ջարդվեց՝ չգիտեմ։ Մեկ–երկու րոպե դա տևեց և անմիջապես կազմակերպված փախան... Ենթադրում եմ, որ կապված է բողոքի ակցիաների հետ, չնայած դրանց ակտիվորեն չեմ մասնակցում, որովհետև ժամանակ չունեմ, բայց ինձ տեսել են տղաների հետ, որ նույն խմբի մեջ եմ»,– Սիվիլնեթին պատմել է Սուրեն Սաղաթելյանը։
Իսկ Հայկակը պատմել է, որ իրենց վրա հարձակվողները, հավանաբար, դեռ ճանապարհին են հետևել իրենց, և ինքը նկատել է, որ ճանապարհին, երբ կանգնել են դեղատան մոտ, իրենց հետ զուգահեռ սև գույնի «ջիպ» մեքենա է կանգնել։
«Վեց–յոթ հոգի մարզված տղաներ էին, ծեծող բրիգադ էր էլի։ Ձեռքով ու ոտքով են խփել։ Ծեծելուց հետո վերջում ասեցին՝ «ախպա՞ր ես, արա»,– պատմել է Հայկակ Արշամյանը։
Միջադեպից հետո շտապ օգնության մեքենան տուժողներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ ոստիկաններին հաղորդում են տվել իրենց հետ կատարվածի մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիզիկական բռնությունների էին ենթարկվել ևս 5 հոգի՝
Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:
Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել և հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջև կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:
Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, և «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:
Բռնությունները դատապարտող հայտարարությունով հանդես է եկել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։ Միացյալ հայտարարություն են տարածել նաև 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ։
