ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարն «անհետացավ» (լուսանկարներ)

Հուլիսի 29-ին լրացավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը:
Այդ օրը՝ երեկոյան ժամը 19։00-ին «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կազմակերպվեց մոմավառություն։
Չնայած ոստիկանության ստեղծած խոչընդոտներին՝ ռեստորանային համալիրի մոտ՝ մայթեզրին, տեղադրվեց Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքար:
Այնուհետև հավաքի մասնակիցները խաղաղ երթով սկսեցին շարժվել դեպի Ավան համայնքի կենտրոն, սակայն ոստիկանական ուժերը, գնդապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փակեցին ճանապարհը՝ հայտարարելով, որ հավաքը արտոնված չէ։
Հավաքի մասնակիցները փորձում էին ապացուցել, որ մինչև 100 մասնակից ունեցող հավաքի դեպքում իրազեկումը պարտադիր չէ, սակայն Օսիպյանը նշում էր, որ այդ կարգը միայն շտապ և ինքնաբուխ հավաքների դեպքում է գործում։
Ճանապարհը բացելու և երթը շարունակելու անհաջող փորձերից հետո հավաքի մասնակիցները վերադարձան «Հարսնաքարի» մոտ և հայտնաբերեցին, որ քիչ առաջ տեղադրված հուշաքարը և մոմերը չկան։ Նրանք Օսիպյանից պահանջեցին վերադարձնել հուշաքարը, որը, նրանց համոզմամբ, հանվել էր ոստիկանների կողմից։
«Դա ոստիկանությունը չի հանել, կարող ա հենց ձերոնք են հանել, տարել...»,– պատասխանեց գնդապետը։
Վարդգես Գասպարին, ի նշան բողոքի, պառկեց հուշաքարի տեղում։
Հուշաքարն այդպես էլ չվերադարձրեցին։
Երեկոյան 21։00–ից հետո հավաքի մասնակիցները հեռացան «Հարսնաքարի» մոտից։ Մինչև վերջ ոստիկանության ուժերը շրջափակել էին և հսկում էին ռեստորանային համալիրի տարածքը։
Լուսանկարները՝ www.hra.am –ի
Հեղինակներ՝
Մարիամ Սարգսյան
Շողինե Սողոմոնյան
