Խաթարվե՞լ է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը

Հունվարի 15-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը մեկնեց  Թեղուտ՝ ճանաչողական արշավ-ակցիայի։ Բնապահպանական ակտիվիստներն այսպիսով սկսում են գործողությունների նոր շարք՝ Թեղուտի անտառի փրկության համար: Թեղուտում նախատեսվում էր մոտ 4 կիլոմետր քայլարշավ: 

Երբ  նախաձեռնության մասնակիցները հասել են Թեղուտ, նրանց դիմավորել են  տեղի բնակիչները՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության ցանկապատից այն կողմ։ Ընկերությունը ցանկապատել էր տարածքը և տեղում ակցիա նախաձեռնել։ Թեղուտի հանքի տարածքին հարակից բնակավայրերի բնակիչները և հանքի աշխատողները պաշտպանության ակցիա են կազմակերպել: Նրանք պարզել են «Ալավերդին Թեղուտի հետ է», «Շնողը Թեղուտի հետ է» պաստառներ: Ակցիայի մասնակիցները նշել են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն տարածքում միակ աշխատատեղ ապահովողն է, իրենք պաշտպանում են ընկերության շահերը, որովհետև ուզում են աշխատել ու ապրել։

Ակցիայի ավարտից հետո՝ երեկ երեկոյան, «Թեղուտ» ՓԲ ընկերությունը տարածել է  հետևյալ հաղորդագրությունը.

«2012 թ. հունվարի 15-ին՝ ժամը 14:40-17:00 սահմաններում, մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին՝ փորձելով խախտել այն: «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին:

Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը»:

Նկարը՝ Մերի Քոլոյանի
Աղբյուրը՝ www.hra.am