ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրոնական անհանդուրժողականության հետևանքները վտանգավոր են

Հունվարի 10-ին մի քանի կազմակերպություններ և հիմնադրամներ բաց նամակով դիմել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն Անտուան Բեռնարին՝ արտահայտելով իրենց վրդովմունքը վերջերս տարածված հայտարարության առնչությամբ, որով FIDH-ը և իր անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի 6 ամիս ժամկետով ազատազրկումը:
«Այս գործում կարևոր է երկու բան՝ ՀՀ քաղաքացին դատապարտվել է անազատության ՀՀ սահմանադրությանը և օրենքի տառին հակասող մեղադրանքով։ Դրանից ելնելով՝ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Երկրորդը. ՀՀ-ն՝ ի դեմս տվյալ գործով դատավորի, որոշումը կայացրել է ելնելով իր գաղափարական կամ կրոնական նախասիրություններից։ Հետևաբար, մենք գործ ունենք կրոնական անհանդուրժողականության շատ վտանգավոր նախադեպի հետ։ Չի կարելի թույլ տալ, որ սա դառնա իրավական պրակտիկայի նախադեպ»,- ասում է FIDH-ի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 28-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Տիգրան Պետրոսյան) վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը):
ՔՀԻ-ն գտնում է, որ Մակվեցյանի արարքում բացակայում է նշված քրեաիրավական նորմի հանցակազմը: Ավելին, նշված նորմը չի բավարարում իրավական որոշակիության՝ սահմանադրական և միջազգային իրավական չափանիշը:
Սեփական համոզմունքները քարոզելու յուրաքանչյուր անձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որը սահմվանված է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով, և ենթակա է պաշտպանության։
ՔՀԻ-ն իրականացրել է այս գործին վերաբերող մի շարք նորմերի և ինստիտուտների վերլուծություն, որը ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝ Amicus curiae-ի տեսքով:
Amicus curiae-ն դատարանում քննվող որևէ գործին առնչվող գրավոր իրավաբանական վերլուծություն է, որը կազմվում և դատարանին է ներկայացվում տվյալ գործի ելքով չշահագրգռված մասնագետի, խմբի կամ կազմակերպության կողմից: Amicus curiae-ն լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է դատարանի ընկերները: Amicus curiae-ի միակ նպատակն է աջակցել կոնկրետ գործը քննող դատարանին' արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:
Amicus curiae-ին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ:
Աղբյուրը՝ www.hra.am