Կարգապահական վարույթներից մեկը կարճվեց

Հունվարի 9–ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կարճել է փաստաբան Արթուր Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթներից մեկը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ավագ խորհրդական Ժորա Խաչատրյանը www.hra.am -ին հաղորդեց, որ իրենք ստացել են փաստաբան Արթուր Գրիգորյանի գործունեությանը վերաբերող 3 դիմում, որոնցից մեկն են կարճել, իսկ մյուս երկուսը դեռ գտնվում են ընթացքի մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ  է հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով «Հրապարակ» թերթից պահանջում է 18 միլիոն դրամ փոխհատուցում ընթերցողների մեկնաբանությունների տեսքով իրեն վարկաբեկող վիրավորական արտահայտությունները հրապարակելու համար: Մեր տեղեկություններով՝ հենց այդ ընթերցողներն էլ դիմել են Փաստաբանների պալատ։

ՀՀ փաստաբանների պալատը երեք օր հետո կհրապարակի, թե ինչ հիմքով է կարճել առաջին վարույթը:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը' www.hra.am