Ժորա Մկրտչյանը հոգեկան խանգարման պատճառով ազատվել է զինծառայությունից

Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Մկրտչյանը, ով սուր փսիխոզ ախտորոշմամբ տեղափոխվել էր Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, զորացրվել է: Նա դեկտեմբերի 9-ին դուրս է գրվել հոսպիտալից և արդեն տանն է: Զինվորի հայրը հայտարարել է, որ իր բողոքը հետ է վերցնելու: ՊՆ քննչական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ քրեական գործը հարուցված է, նախաքննություն է ընթանում և գործը կգնա դատարան:

Ժորա Մկրտչյանը զինվորական ծառայության է զորակոչվել 2010թ. դեկտեմբերին Թալինի շրջանի Լուսական գյուղից: 2011թ. սեպտեմբերի 27-ին նա սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երևան է տեղափոխվել: Տղայի հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի խոսքերով, Ժորան հոգեկան խանգարում է ստացել համածառայակիցների կողմից ծեծի և ծաղրի ենթարկվելու պատճառով: Հայրը լրատվամիջոցներին պատմել է, որ որդու մարմնի վրա եղել են բռնության հետքեր՝ կապտուկներ, վերքեր, ծխախոտի վառած տեղեր:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված: Զորամասի երկու զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության տակ գտնվելը: Այս մասին www.hra.am -ին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: 

Սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)

Իսկ շարքային Մովսես Բադալյանին՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Մկրտչյանի հայրը հայտարարել է, որ իր բողոքը հետ է վերցնելու: ՊՆ քննչական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ քրեական գործը հարուցված է, նախաքննություն է ընթանում և գործը կգնա դատարան: Տղայի հայրը նաև մտահոգություն էր հայտնել, թե իրենք մինչ օրս չունեն զինծառայությունից ազատված լինելը հավաստող փաստաթուղթ: Սրան ի պատասխան Մերի Սարգսյանն ասաց, որ տղան զորացրված է, իսկ զինվորական գրքույկը զինկոմիսարիատն առաջիկայում կուղարկի:

Մինչ պարտադիր զինծառայության ժամկետի ավարտը Ժորա Մկրտչյանը պետք է գտնվի ՊՆ Թալինի շրջանի զինկոմիսարիատի հսկողության տակ:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am