ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պահանջում են չեղյալ համարել հակապետական որոշումը

Դեկտեմբերի 29-ին` ժամը 11-ին, բնապահպանական հզոր ակցիա են նախատեսում անցկացնել «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնության անդամները։
Ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտ ներկայացնելու են իրենց պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այնուհետև քայլարշավ է տեղի ունենալու դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները ՀՀ նախագահից պահանջելու են վերջապես ընդունել իրենց և ապահովել քննարկում` այս ոլորտում ծառացած խնդիրները համատեղ քննարկելու և լուծման եղանակներ գտնելու նպատակով:
«Մենք պետք է ցույց տանք, որ ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐԸ և Հայաստանի ապագան մենք ենք, իսկ առանց բնության և առողջ շրջակա միջավայրի առկայության պետությունը տարբեր առումներով դառնում է խոցելի. այն էլ մեր պետության դեպքում, որն ամբողջովին շրջապատված է թշնամիներով, իսկ սեփական ընդերքի կամ ռեսուրսի անխնա շահագործումը բերելու է պետության կործանման»,– ասված է «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ www.hra.am