Սարկիսովն իրեն մեղավոր չի ճանաչում (տեսանյութ)

Կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին, սպանելու համար 10 տարով ազատազրկված Յանիս Սարկիսովը շարունակում է բողոքարկել իր դեմ կայացված դատավճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում:

Դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ Սարկիսովի պաշտպանը շարունակեց պնդել, որ իր պաշտպանյալը սպանություն չի գործել, որն ապացուցվում է գործի այնպիսի տվյալներով, որոնք հաշվի չեն առնվել առաջին ատյանի դատարանի կողմից:

Հիշեցնենք,  հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Սարկիսովին մեղավոր ճանաչեց կնոջը՝  20-ամյա Զարուհի Պետրոսյանին կյանքից զրկելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) և  դատապարտեց առավելագույն պատժի՝ 10 տարվա ազատազրկման։ Դատարանի այս որոշումն էլ այժմ բողոքարկել է Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանը:

Պաշտպան Ժ. Հարությունյանը պահանջում է արդարացնել Սարկիսովին՝ պնդելով,  որ Զարուհու մահը արտաամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանություն է և Զարուհին թույն է խմել:

«Նախաքննության ընթացքում մեղադրանքի կողմը չի ներկայացրել այն նյութերը, որոնք հիմք կհանդիսանային կրկնակի թունաքիմիական փորձաքննության համար: Այնտեղ եղել են նյութեր Զարուհի Պետրոսյանի կողմից գրված նամակներ, բջջային հաղորդագրություններ, որոնք ապացուցում են, որ ինքնասպանության նպատակով թույն խմելու պատճառով է Պետրոսյանը հեռացել կյանքից»,- դատարանում հայտարարեց Հարությունյանը:

Նա համոզված է, որ ընդհանուր իրավասության դատարանը օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն չի կատարել՝ չստուգելով գործի բոլոր նյութերը: 

Հարությունյանը պնդում է, որ Զարուհի Պետրոսյանը հեռախոսով իր ամուսնուն հայտնել է, որ ինքն աններելի սխալ է գործել, որի պատճառով Մասիս քաղաքից թույն է գնել և խմել: Ամուսինը չի հավատացել, տուն գալուց հետո Զարուհուն գտել է մահճակալի մոտ ընկած՝ որովայնի ցավերից  բողոքելիս:

«Անմիջապես տեղափոխել է «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ասվել է, որ Պետրոսյանի մոտ հայտնաբերվել է գանգուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի հեմատոմա հարցականով, մարմնի տարբեր մասերի արյունազեղումներ, աջ դաստակի կոտրվածք: Դրանից հետո նա  շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ գլխուղեղի օջախային պաթոլոգիա չի հայտնաբերվել, ուղեղանյութերի խտությունը նորմայի մեջ է եղել, գլխուղեղի կառուցվածքի փոփոխություն չի եղել:

Այսինքն՝ նրանք այդպես բացառել են Մասիս բժշկական կենտրոնի նշած գլխուղեղի վնասվածքները, դա է պատճառը, որ արդյունքում վիրահատվել է ոչ թե Զարուհի Պետրոսյանի գլուխը, այլ որովայնը, որի ժամանակ էլ սկսել են կյանքի համար վտանգավոր երևույթներ ու նա մահացել է»,- ասում է փաստաբան Ժորա Հարությունյանը:

Հարությունյանը և Սարկիսովը համոզված են, որ Պետրոսյանը մահացել է թունավորումից, որին դիմել է՝ ինքն իրեն չներելով ամուսնուն դավաճանելու համար՝ Մասիսի գյուղատնտեսական քոլեջի փոխտնօրեն  Դավիթ Հակոբյանին հետ:

«Նա իր թողած նամակներում գրում է, որ սիրում է Դավիթ Պետրոսյանին, որ իր պատճառով թույն է խմել ու այն ազդում է ու խնդրել է ջնջել այդ հաղորդագրությունը, խնդրել է ոչ մեկին չմեղադրել ու աղջկան տալ ամուսնուն՝ համոզված է, որ նա կարող է լիարժեք ու լավ կյանք ապահովել երեխայի համար»,- դատարանում ասաց Ժորա Հարությունյանը:

Սարկիսովը դատարանում հայտարարեց, որ ինքը մեղավոր չի, իսկ այն հարցին, թե ինչու՞ է երեք տարբեր ցուցմունք տվել՝ ասելով, որ կինը մահացել է աստիճաններից ընկնելուց, իրենց միջև եղած վեճի պատճառով առաջացած քաշքշուկից և թունավորումից, Սարկիսովը նշեց՝ համոզված է, որ կինը թունավորումից է մահացել:  

«Շատ է ինձ խաբել, միշտ իրան հավատացել եմ ու չգիտեմ, թե մարմնական վնասվածքները որտեղից են»,- ասաց նա:

Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը  պնդեց, որ թույն խմելու մասին խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ Զարուհի Պետրոսյանի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել:

«Գրությունները, որ թողել է Պետրոսյանը, մեկը գրված է ձախ ձեռքով, մյուսը աջ ձեռքով, իսկ ինքը աջլիկ է եղել: Փորձագիտական եզրակացությունն արձանագրել է աջ ձեռքի միջնամատի ֆալանգի կոտրվածք: Մեր կարծիքով՝ այդ կոտրվածքը շարունակական ճնշումների վկայություն է, Սարկիսովի ճնշման տակ ու նրա կողմից թելադրված տեքստով, այսինքն, մեր կարծիքով, դիտավորություն է եղել  նրա կյանքին վերջ դնելու ու այդ հանցագործությունը կոծկելու համար, եթե չի էլ եղել, ֆիզիկական ճնշումներ են եղել խանդի պատճառով»,- դատարանում հայտարարեց Մարգարանը:

Նա հայտնեց, որ Պետրոսյանն իր շրջապատին հայտնի է եղել որպես բարոյական վարքի տեր անձնավորություն ու բացառեց ամուսնուն դավաճանելու վարկածը: 

«Այս հաղորդագրությունները պատրաստված ապացույցներ են, ու եթե նույնիսկ չեն, ոչ մի բան չեն կարող փոխել: Ոչ ոք չի կարող ասել , թե դրանք ում կողմից են ուղարկվել, իսկ հեռախոսը եղել է Պետրոսյանի տեգոր կնոջ հեռախոսը»,- փաստում է Մարգարյանը:

Սարկիսովի փաստաբանը միջնորդեց դատը հետաձգել, քանի որ անհրաժեշտ համարեց ծանոթանալ հակառակ կողմի առարկություններին՝ գրավոր ձևով: Դատարանը միջնորդությունը բավարարեց ու դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 27-ը՝ ժամը 14:00-ին:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am