ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեր Եսային և Եհովայի վկան վերաքննիչ բողոքներ են ներկայացրել

Եհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի փաստաբանն արդեն բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով ոչ թե Անդրանիկ Մակվեցյանին վերագրվող 3 հանցագործությունների վերաորակում, այլ՝ արդարացման վճռի կայացում:
Տեր Եսայի քահանա Արթենյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը նույնպես բողոքարկել է դատարանի վճիռը։ «Մենք գտնում ենք, որ մեղադրանքը հիմնավորված էր բոլոր 4 հոդվածներով, սակայն դատարանը դատավճիռը կայացրեց ընդամենը մեկ հոդվածով: Մեր նպատակը պատժի խստությունը փոխելը չէ, դա մենք թողնում ենք դատարանի հայեցողությանը: Ուղղակի մենք գտնում ենք, որ մնացած 3 հոդվածներով նույնպես պետք է Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր ճանաչվի»,- www.hra.am -ին ասաց քահանայի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Մակվեցյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2011 թ. մայիսի 15-ին Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում վիճաբանության մեջ է մտել Տեր Եսայի քահանա Արտակ Արթենյանի հետ, բռունցքով հարվածել է քահանայի աջ ձեռքին և սպառնացել «կրծել կոկորդը»:
Նոյեմբերի 28-ին դատարանը Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը) և 6 ամսվա ազատազրկման դատապարտել և նրան ձերբակալել դատարանի դահլիճից:
Իսկ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծը), 322 հոդվածի առաջին մասով (ինքնիրավչությունը) և 137 հոդվածի առաջին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Սակայն պաշտպանող դատախազը հոկտեմբերի 21-ին փոփոխել է մեղադրանքի ծավալը և ավելացրել 143-րդ հոդվածի 1-ին մասը, որով էլ Անդրանիկ Մակվեցյանը մեղավոր է ճանաչվել:
Անդրանիկ Մակվեցյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը շեշտում է, որ իր պաշտպանյալը մեղավոր չի ճանաչվել իրեն ի սկզբանե մեղսագրվող 3 արարքների մեջ (ծեծ, սպառնալիք, ինքնիրավչություն): Իսկ դատարանի կողմից վերաորակված հոդվածը (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը), նրա խոսքերով, ոչ մի կապ չունի նախնական մեղադրանքի հետ:
Քահանա Արթենյանի փաստաբանի կարծիքով՝ հիմնավորված էին բոլոր մեղադրանքները և Եհովայի վկան պետք է մեղավոր ճանաչվեր քրեական օրենքսգրքի 4 հոդվածներով:
«ԶԼՄ-ներն աղավաղված են լուսաբանել գործը և հիմնական ապատեղեկատվությունը կայանում է նրանում, որ շատ լրատվամիջոցներ չներկայացրեցին, որ Անդրանիկ Մակվեցյանն իրեն մեղասգրվող 3 հոդվածներով՝ ծեծ, սպառնալիք, ինքնիրավչություն, անմեղ է ճանաչվել, այսինքն՝ նրա գործողություններում հանցակազմ չի եղել»,- www.hra.am -ին պարզաբանեց Մակվեցյանի փաստաբանը:
Նրա խոսքերով՝ իր պաշտպանյալն առանց որևէ հիմնավորման մեղավոր է ճանաչվել 143 հոդվածով (քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը), որը ոչ մի կապ չունի նրան առաջադրված 3 մեղադրանքների հետ:
«Պատճառաբանական մասում գրված է, իբրև թե Անդրանիկ Մակվեցյանը խախտել է քահանա Արթենյանի սահմանադրական իրավունքը՝ պաշտպանել եկեղեցի այցելող անհատներին աղանդավորական կազմակերպությունների մեջ ներգրավելուց: Կարծես թե եկեղեցու ամբողջ առաքելությունը դա է կամ եկեղեցի այցելողներն իրավունք չունեն իրենք ընտրություն կատարել»,- նշեց փաստաբան Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ուշադրության չարժանացավ այն հանգամանքը, որ քահանան է առաջինը մոտեցել և կոնֆլիկտն առաջացրել:
Ըստ Մարտիրոսյանի՝ դատարանը թույլ է տվել աննախադեպ քանակի դատավարական խախտումներ, որոնք նշված են իրենց վերաքննիչ բողոքում: Խախտումներից մեկը, փաստաբանի խոսքերով, Մակվեցյանի նկատմամբ կիրառված «խափանման միջոցը փոխելու անհիմն և անհեթեթ որոշումն էր»: Իսկ Անդրանիկ Մակվեցյանին դատարանի դահլիճից ձերբակալելը նա անվանեց «թատերական ներկայացում»:
«Այս ամբողջը մեծ բեմականացում էր, որին մասնակցում էին դատարանը, դատախազությունը, առաքելական եկեղեցին և այն ուժերը, որոնք դեմ են խղճի և դավանանքի ազատությանը»,- www.hra.am -ին ասաց Եհովայի վկայի փաստաբանը:
Նրա խոսքերով՝ պաշտպանական կողմն ամեն ինչ կանի Անդրանիկ Մակվեցյանին արդարացնելու համար: «Իսկ Արտակ Արթենյանը (Տեր Եսայի քահանան-հեղ.) պետք է դատապարտվի խուլիգանության և ինքնիրավչության համար, որովհետև նրա քայլերն այլ կերպ հնարավոր չէ անվանել»,- հայտարարեց փաստաբան Արթուր Մարտիրոսյանը:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am