Ենթասպան ջնջխել է զինվորի աջ ակնագունդը

2011թ.-ի առաջին զորակոչով բանակ մեկնած ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին հարվածելու ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ ձերբակալվել է նույն զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը. այս մասին www.hra.am -ին փոխանցեց  ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին, որի արդյունքում նա ստացել էր աջ ակնագնդի ջնջխում, վերին կոպի հեմատոմայի տեսքով:

Փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված (պաշտոնեական դիրքը չարաշահում, իշխանազանցություն) հանցագործության հատկանիշներով ձերբակալվել է մեղավորը և հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Զինծառայող Նարեկ Ավետիսյանը բուժում է ստանում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am