ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հատուկ մրցանակ՝ hra.am-ի լրագրողին

Դեկտեմբերի 9-ին կայացավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցանակաբաշխությունը: Հատուկ մրցանակը շնորհվեց Մարդու իրավունքները Հայաստանում կայքի լրագրող Մերի Ալեքսանյանին՝ «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» տեսանյութի համար:
«Այս մրցանակը հատուկ մրցանակ է, հատուկ է գնահատման մի քանի չափանիշներով: Այն, որ մուլտիմեդիա է, դա արդեն իսկ առանձնահատկություն էր մեր մրցույթի համար: Եվ հատուկ է նաև նրանով, որ 9 տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ նյութեր, որոնք վեր էին հանում լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները, բայց խնդիրը այլ տեսանկյունից էր վեր հանվում: Այսքան տարի ես ՀԿ դաշտում եմ, առաջին անգամ ես հայտնաբերեցի ինձ համար իսկապես այն շահերի պաշտպանին, որը կարող է իր հետևից տանել բազմաթիվ խուլ երիտասարդների՝ իրենց անձայն ձայնով»,- հատուկ մրցանակը հանձնելիս ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:
Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Այս տարվա մրցույթն աննախադեպ էր ներկայացված նյութերի քանակով՝ 60 աշխատանք էր ներկայացվել 44 լրագրողի կողմից:
«Շատ լինելն առաջին հերթին պայմանավորված է հաշմանդամության թեմայի նկատմամբ աճող հետաքրքրությամբ լրագրողների շրջանում: Մյուս կողմից նաև շատ ակտիվ են դարձել հասարակական կազմակերպություններն իրենց հանրային միջոցառումներով, որով կարծես ներգրավում են լրատվամիջոցներին և մասնակից դարձնում խնդրի լուսաբանմանը»,- նշեց Սուսաննա Թադևոսյանը:
«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը , 2-րդ մրցանակը շնորհվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին ' ներկայացված տեսանյութի համար: «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանն արժանացավ 3-րդ մրցանակին:
Գնահատող հանձնաժողովը «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում 1-ին մրցանակ չշնորհեց: 2-րդ մրցանակին արժանացավ Արփի Մաղաքյանը ' haynews.am, 3-րդ մրցանակին' Փառանձեմ Հովհաննիսյանը ' «Մեդիալաբ» լրատվական կայքերից:
Խրախուսական մրցանակների արժանացան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը , «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը ևՄանե Գրիգորյանը ' haynews.am լրատվական-վերլուծական ինֆորմացիոն կայքից:
«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում մրցանակներ չշնորհվեցին:
Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:
Մեր հարցին, թե հաշմանդամության խնդիրների լուսաբանման որակական փոփոխություններ կա՞ն վերջին տարիներին, Սուսաննա Թադևոսյանը պատասխանեց. «Էապես փոխվել է լեզուն և էթիկան, և դա ոգևորող է, որ մարդիկ հետևում են բառերին: Ես շատ կուզենայի, որ շատ սուր թեմաներ բարձրացվեն, լրագրողները նաև իրավունքների, սահմանափակումների, հնարավորությունների բացակայության հարցերի հետ կապված անեին ավելի բազմակողմանի վերլուծություններ, ոչ թե մեկ աղբյուրի նյութեր: Ես բազմակողմանի, վերլուծական նյութերի պակաս եմ զգում»:
Մրցանակակիրներին ընտրել է գնահատող հանձնաժողովը՝ Սուսաննա Թադևոսյան («Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ), Արա Շիրինյան («Շողակաթ» հեռուստաընկերություն),Նունե Սարգսյան («Ինտերնյուս»), Նունե Ալեքսանյան (Հանրային հեռուստաընկերություն) և նախորդ տարվա 1-ին տեղի մրցանակակիրներ:
Դիտեք հատուկ մրցանակի արժանացած տեսանյութը.
Աղբյուրը՝ www.hra.am