ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Առողջական լուրջ խնդիրներով դատապարտյալներին ազատ չեն արձակում

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) հասարակակական դիտորդների խումբը հունիսի 9-ին և հուլիսի 22-ին հրատապ հաշվետվություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին՝ ահազանգելով 8 դատապարտյալների առողջական ծանր վիճակի մասին։
ՀՀ Կառավարությունը 26.05.2006 թվականի թիվ 825 որոշմամբ հաստատել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում։ Թեև նշված 8 դատապարտյալների հիվանդությունները ներառված են պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, սակայն միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը գտել է, որ հիվանդության ախտահարման աստիճանը չի համապատասխանում հաստատված ցանկին։
Սեպտեմբերի 15-ին ՔԿՀ դիտորդական խումբը կլոր սեղան է հրավիրել։ Արդարադատության նախարարության և միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է քննարկեն պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններ ունեցող դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրները, բարեփոխման առաջարկություններ անեն, որոնք կբերեն ընթացակարգերի հստակեցմանը։
Հասարակական դիտորների խմբի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով՝ պայմանական վաղաժամկետ ազատման՝ գոյություն ունեցող երկու մեխանիզմներն էլ թերի են և լուրջ խնդիրներ են առաջացնում։ Նա կարծում է, որ պետք է փոփոխություններ արվեն Կառավարության կողմից հաստատված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում։
Այն հարցին, թե օրինակա՞ն է արդյոք այն, որ միայն մեկ բժշկական հաստատության կողմից արված ախտորոշումն է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը հիմք ընդունում, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Ո՛չ, իրենք են այդպես սահմանել։ Դա շատ արդիական հարց է, որը վերաբերում է նաև դատաբժշկական փորձաքննությանը՝ միայն մի ՊՈԱԿ է անում։ Այսինքն՝ բժշկական անկախ փորաձագիտական եզրակացության իստիտուտ Հայաստանում չունենք։ Սա գլոբալ խնդիր է»։
Սաքունցի խոսքերով՝ ապսուրդը հասել է այն աստիճանի, որ բժշկական հաստատության նույն բժիշկը նույն մարդու առողջական վիճակի մասին կարող է տալ 2 իրարից տարբերվող եզրակացություն. «Եթե քաղաքացիականով է, ինքը տալիս է մի եզրակացություն, եթե դատաբժկական եզրակացություն է կամ դատապարտյալի առողջական վիճակի հետ կապված, տալիս է մեկ այլ եզրակացություն։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում։ Խնդիրն այն է, որ կառավարվող փորձաքննություն է իրականացվում՝ ելնելով համակարգի շահերից կամ մոտեցումներից։ Տվյալ գերատեսչության մոտեցումները էական ազդեցություն են ունենում բժշկական եզրակացությունների վրա»,- նշում է դիտորդական խմբի ղեկավարը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
