Վկաները նշում են, որ ամուսինը պարբերաբար ծեծում էր Զարուհի Պետրոսյանին

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատը:

Նիստի ընթացքում վկայություն է տվել Զարուհու հարևանուհին' անչափահաս Է.-ն, ով նշել է որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պաշտպանում էր որովայնի հատվածը:

Դատի ընթացքում հրապարակվեցին այժմ ՀՀ-ից դուրս գտնվող երկու այլ վկայի ցուցմունքներ, համաձայն որոնց՝ այդ վկաներն ականատես են եղել, թե ինչպես է Յանիսը ծեծում կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված էր, որ Զարուհին ցանկացել է բաժանվել ամուսնուց և պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դարձել է անտանելի՝ նրա կողմից պարբերական ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:

Նիստի ընթացքում հրապարակվել են նաև մի շարք ապացույցների հետազոտման արդյունքները:

Պաշտպանական կողմի միջնորդությունը՝ հետագա դատական լսումները դռնփակ անցկացնելու մասին, դատավորը մերժել է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Տեղեկատվությունը տրամադրել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: