ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակի». գործի քննությունը վերսկսվում է

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց վերսկսել «Բելա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործի քննությունը։
«Իմ կարծիքով սա ինչ-որ փոխհամաձայնության չգալու արդյունքում է կայացվել այս որոշումը, այսինքն՝ քաղաքական որոշում է, այլ ոչ թե իրավական,- ասում է «Ժամանակ»-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը,- ես բացասական եմ գնահատում, որովհետեւ կողմերը փաստերի մեջ վիճարկում չէին մտցրել։ Դատարանն իրավունք ունի վերսկսել, եթե բավարար չափով չի ուսումնասիրել ինչ-որ մի ապացույց կամ փաստի վերաբերյալ ինչ-որ վեճ կա։ Մենք ընդունում էինք բոլոր փաստերը, չէինք վիճարկում փաստերը»։
Քոչարյանների ներկայացուցիչը խուսափեց որեւէ կերպ մեկնաբանել դատարանի որոշումը՝ շտապելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տպագրված երեք հոդվածների առիթով: Թերթը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ նախկին նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի «911» դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին' Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:
Քոչարյանների ներկայացուցիչները պնդում են, որ թերթում տպագրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այսպիսով՝զրպարտություն է և վիրավորում է իր վստահորդներին։ Քոչարյանները պահանջում են հերքել իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները, ինչպես նաև՝ փոխհատուցել պատճառված վնասը՝ 6մլն դրամի չափով (1մլն՝ վիրավորանքի, 2մլն՝ զրպարտության և 3մլն՝դատական ծախսերի համար)։ Նշենք, որ հայցվորները պահանջել են Քաղաքացիական օրենսգրքի 1037 (1) հոդվածով (վիրավորանք և զրպարտություն) նախատեսված փոխհատուցման առավելագույն գումարը։
Նիկոլայ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ ոչ մի ապացույց չկա, որ դատավորի կողմից չի ուսումնասիրվել, լրացուցիչ ուսումնասիրության ոչ մի կարիք չկա. «Իմ գնահատականով՝ դատավորի ժամանակը չէր բավարարում, որպեսզի համաձայնեցնի՝ թե ինչ որոշում կայացնի, հակառակ դեպքում կկայացներ վճիռ։ Լինելու են հետկուլիսային քննարկումներ, որ որոշեն թե ինչ պետք է անեն»։
Դատական քննությունը կվերսկսվի 2011թ.-ի մայիսի 20-ին։
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
