ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կենսաթոշակառուն գործազուրկ չէ
Գործազուրկներ չեն համարվելու աշխատանք փնտրող այն չզբաղված մարդիկ, ովքեր հանդիսանում են կենսաթոշակառու: Կենասաթոշակի որոշակի տեսակներից օգտվող և աշխատանք փնտրող անձինք (արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակի իրավունքից օգտվողները) ունենալու են միայն մասնագիտական վերապատրասման իրավունք:
«Գործազուրկ» հասկացության այսպիսի հստակեցում է մտցված օրենքի փոփոխությամբ:2010 թ.-ի դեկտեմբերի 22-ին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն առանձնացրել է էական փոփոխությունները, որոնք վերաբերում են գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի իրավունքներին, մեկից ավելի անգամ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձանց գործազրկության նպաստ ստանալուն, սոցապահովության երաշխիքներ ստանալու համար դիմելու ժամկետների երկարացմանը.
«Օրենքի համաձայն գյուղատնտեսական նշանակության հող ունենալու դեպքում անձը չի կարող ճանաչվել գործազուրկ և օգտվել գործազուրկների համար օրենքով նախատեսված սոցիալական աջակցությունից: Կատարված փոփոխությամբ' փորձ է արվել որոշակի արտոնություն տրամադրել նրանց: Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատիրոջը հնարավորություն է տրվել ընդգրկվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերում և ուսումնառության ողջ ժամանակահատվածում օգտվել կրթաթոշակ ստանալու իրավունքից»:
Դրական փոփոխություն է որակվել նաև ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձանց սոցպաշտպանության լրացուցիչ երաշխիքներից օգտվելու համար դիմելու ժամկետի երկարացումը. 1 տարի, նախկին 6 ամսվա փոխարեն:
«Եթե նախկինում պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք լրացուցիչ սոցիալական երաշխիքներից կարող էին օգտվել գործազուրկի կարգավիճակում առնվազն մեկ տարի անընդմեջ գտնվելու դեպքում, ապա կատարված փոփոխություններով ժամկետը վեց ամսով կրճատվել է: Նույնը վերաբերում է աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին»,-ասված է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի հայտարարությունում:
Աղբյուրը` www.hra.am
